Փաստ մեկնաբանությամբ

Կարեն Բեքարյանը ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու հարցում լավատես է

3 րոպեի ընթերցում

Կարեն Բեքարյանը ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու հարցում լավատես է

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քաղաքական բանակցությունների արդյունավետության հիմքեր է տեսնում:

Դեկտեմբերի 22-ին րագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին, Բեքարյանը նախ նկատեց, որ Ուկրանիայի արևելքում՝ Դոնեցկում և Լուգանսկում հայտարարված լռության օրը հետո վերածվել է ժամանակավոր զինադադաի, որը շարունակում է գործել: «Երեկ բոլոր կողմերը հաստատեցին, որ վերջին օրերի կտրվածքով զոհեր և վիրավորներ չկան: Սա տալիս է որոշակի հուսադրող հիմքեր, որ հնարավոր կլինի դա հանգեցնել ավելի կայուն զինադադարի և խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն: Սա շատ կարևոր է, քանի որ երբ կան կրակոցներ, հարցը քաղաքական բանակցությունների միջոցով լուծելու տարբերակը շատ դժվար է դառնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Փորձագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 22-ին Կիևում հանդիպում է ունենալու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Սա բավականին հետաքրքիր է, և ես սրա մեջ լավատեսության հիմքեր եմ տեսնում: Սա կարող է ահագին լիցքաթափել լարված իրավիճակը: Ղազախստանի և Բելառուսի նախագահներին հրավիրելու և նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությունը կարող է անուղղակիորեն նոր լիցքաթափող տարր հանդիսանալ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու գործընթացքում»,- ասաց Բեքարյանը:

Նա անդրադարձավ նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի ազդեցությանը տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Բեքարյանի խոսքով՝ Ուկրաինան այնքան էլ հեռու չէ Հայաստանից, որպեսզի այնտեղ տիրող ճգնաժամային իրավիճակն իր անդրադարձը չունենար մեր երկրի վրա: «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը երբեք չի փորձել կառուցել ուժային կենտրոնների շահերի բախման վրա, այլ ընդհառակը՝ փորձել է կառուցել դրանց համադրման ներքո: Իսկ այս բանաձևը հստակ հուշում է, որ Հայաստանի համար Ուկրաինայում լարվածության երկար պահպանումը չի կարող դրական լինել: Եվ այս պարագայում մենք շահագրգռված ենք, որ Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քաղաքական բանակցությունները օր առաջ սկսեն արդյունքներ տալ»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում