3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կոտրում է կարծրատիպը, թե պատերազմական վիճակում գտնվող զինված ուժերը չեն կարող լուրջ նախաձեռնություններ իրականացնել բարեվարքության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի գնահատմամբ առավել զարգացած եւ առավել ժողովրդավար լինելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը արդյունավետ համադրում է համագործակցային կարողությունները գործընկերների հնարավորությունների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «ԵԱՀԿ վարքի կանոնակարգը» խորագրով աշխատաժողովի ժամանակ նախարարը փաստեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ ԶՈՒ պաշտպանական բարեփոխումներին եւ դրա ժողովրդավարացմանն ուղղված օժանդակողներից է : Բարձր գնահատելով այդ համագործակցությունը` Օհանյանը նշում է, որ այն նաեւ բազմաթիվ կասկածներ է փարատում: «Միջազգային կաոռւյցների մտավախությունը, թե անցումային փուլը հաղթահարող պետությունների զինված ուժերն ու պաշտպանական գերատեսչությունները կլինեն չափից դուրս պահպանողական եւ հակված չեն համագործակցության ու ժողովրդավարացման, մեր պարագայում չի համապատասխանում իրականությանը: Անկախությունից ի վեր ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, եւ մեր կամքից անկախ պատճառներով հայտնվում ենք ավելի շատ պատերազմի, քան խաղաղության վիճակում: Այս առումով կարող է հարց ծագել, թե ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե պատերազմ է: Մեր գործով կտրականապես հերքել ենք այս մոտեցումը: Մենք գտնում ենք, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում, որտեղ բանակը համալրվում է համընդհանուր զորակոչով, բանակը կարող է եւ պետք է վերածվի հասարակության զարգացման շարժիչ ուժի: Սա զուտ խոսքեր չեն, եւ մենք դա ապացուցում ենք գործով»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ բարեվարքության հիմքում քաղաքակիրթ աշխարհ կառուցելու տեսլականն է:
ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման համատեղ ծրագրի շրջանակներում Երեւանում կայացել է «ԵԱՀԿ վարքի կանոնակարգը» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է իրականացման շրջանակների տարածումը, բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավումն ու գործակցության ամրապնդումը միջազգային գործընկերների հետ: