Քաղաքականություն

Հայ և ռուս փորձագետներն առաջարկում են ԵՏՄ ինտեգրմանը զուգընթաց խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Հայ և ռուս փորձագետներն առաջարկում են ԵՏՄ ինտեգրմանը զուգընթաց  խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևի կարծիքով` Ուկրաինայում տեղի ունեցած զարգացմուները կարող են առնվազն երկու տարով ձգձգել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 29-ին Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ նշեց ռուս փորձագետը` առաջարկելով ԵՏՄ հիմնադրման գործընթացին զուգահեռ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը, սակայն, այդ կարծիքին չէ: Նրա գնահատմամբ` ԵՏՄ հիմնադրման գործընթացը կզարգանա անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում:

Իսկ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ազդակ է գիտատեխնիկական համագործակցության համար: «Առանց գիտատեխնիակական բաղադրիչի և ռազմաարդյունաբերական համալիրի կապերի վերականգման շատ դժվար է պատկերացնել ժամանակակից տնտեսության զարգացումը: Երկրները կանգնել են իրենց պահանջներն ինքնուրույն բավարարելու անհրաժեշտության առաջ», - ասաց Հարությունյանն` ընդգծելով, որ հնարավոր չէ տնտեսական ավելի արդյունավետ աճ գրանցել առանց գիտական զարգացման, որը հետագայում հիմք կհանդիսանա գիտատեխնիկական ընկերությունների գործունեության համար:

Նրա խոսքով` կարևոր խնդիր է գիտական տեղեկատվական քաղաքականության բացակայությունը: Հայաստանի հասարակ քաղաքացին շատ քիչ բան գիտի ռուս քաղաքացու և, մանավանդ, հասարակ բելառուսի և ղազախի մասին, և հակառակը: «Պետք է ծրագրեր մշակել, որպեսզի ավելի շատ բան իմանանք միմյանց մասին, դա հատկապես վերաբերում է Բելառուսին և Ղազախստանին», - առաջարկեց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում