Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումները վճռորոշ նշանակություն կունենան. Կորյուն Նահապետյան

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումները վճռորոշ նշանակություն կունենան. Կորյուն Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ունենալու են կարևոր և վճռորոշ նշանակություն: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: «Գիտեք, որ ՀՀ նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումները, ինչի համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Մինչև հոկտեմբերի 15-ը հանձնաժողովը ժամանակ ունի, որպեսզի աշխատի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վրա, և ես հույս ունեմ, որ այս քննարկումը, ինչպես նաև մինչեւ հոկտեմբերի 15-ը այս թեմայով անցկացվող մյուս քննարկումերը դրական արդյունք են ունենալու հայեցակարգի վերջնական տարբերակը կազմելու առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության պատճառները: Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների նպատակն է հստակ երաշխիքներ ամրագրել իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների հետևողական իրացման ապահովման համար: Նահապետյանը կարևորեց նաև անկախ դատական համակարգի արդյունավետության ապահովումը, որին հնարավոր կլինի հասնել առաջարկվող փոփոխություններով:

Անդրադառնալով դիտարկումներին, թե այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, Կարյուն Նահապետյանը նշեց, որ այդ բարեփոխումներն այս պահին անհրաժեշտություն են և դրանք իրականացնելու համար ճիշտ ժամանակն է: «Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է հիմա՝ ելնելով այն հանգամանքից, որ քաղաքական համակարգը բարեփոխումների կարիք ունի, ելնելով այն հանգամանքից, որ սահմանադրությամբ պետք է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հստակ մեխանիզմներ ամրագրվեն»,- ասաց Նահապետյանը՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով ավելի մանրամասն ծանոթանալ առաջարկվող փոփոխությունների հայեցակարգին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում