Քաղաքագետը մատնանշում է ադրբեջանական կողմից սահմանին լարվածություն ստեղծելու արտաքին և ներքին պատճառներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերջին օրերին սահմանին լարվածություն էր ստեղծում հասարակության ուշադրությունը երկրում առկա ներքին խնդիրներից շեղելու համար: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Ադրբեջանի նախագահի համար հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն, քանի որ նա չի կարողանում առանց խնդիրների կառավարել երկիրը: Ադրբեջանական իշխանությունների համար այնքան էլ լավ ժամանակներ չեն, ինչի մասին են խոսում այդ երկրում սկսված ձերբակալությունները: Եվ բացի այդ, բոլորը գիտեն, որ Հարավային Կովկասի երեք երկրներից իր բնական ռեսուրսներով և հարստությամբ Ադրբեջանն առաջ է Հայաստանից և Վրաստանից, սակայն բնակչության սոցիալական վիճակը երեք երկրներում գրեթե նույն մակարդակի վրա են, և սա չի կարող չզայրացնել Ադրբեջանի հասարակությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Բեքարյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների արդարացումն այն է, թե իրենք բանակ են պահում, զինվում են և պետք է պատերազմեն: «Ուստի իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ հասարակությանը ցույց տան, որ իրենք չեն ստել, պետք է ցույց տան, որ ունեն ժամանակակից զենք-զինամթերք և ուժեղ բանակ, ուստի դիմում են սահմանին լարվածություն ստեղծելու սադրիչ գործողությունների»,- ասաց Բեքարյանը:

Քաղաքագետի գնահատմամբ, սահմանին լարվածություն ստեղծելու ադրբեջանական կողմի նախաձեռնությունը կապված է նաև արտաքին գործոնների հետ: Մասնավորապես, նա նշում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Արևմուտքին կարող է ստիպել էներգետիկ ոլորտում այլընտրանք փնտրել, իսկ Ադրբեջանը կարող է լինել այդ այլընտրանքը, ուստի չի բացառվում, որ Ադրբեջանը ոգևորվել է այս ամենից և մտածել, որ ինքն ամենակարող է և իրեն ամեն ինչ կարելի է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքը նույնպես ոգևորել է Ադրբեջանին:

Սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ալիևը փորձում էր ավելի ուժեղ դիրքերից մոտենալ և, ինչու ոչ, խոսել ուլտիմատումների լեզվով, սակայն եղավ հակառակը: Բեքարյանի խոսքով, Ադրբեջանն ինքն իր գործողություններով իրեն փակուղի մտցրեց:

Հայերեն

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը