Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

13 րոպեի ընթերցում

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ից 10:00

Հայաստանի ագրարային ազգային ակադեմիայում

Կանցկացվի բաց դասախոսություն ՝ «Բնապահպանության ոլորտում Հայաստանի միջազգային համագործակցությունը» թեմայով Օզոնի ազգային կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ ներկայացուցիչների մասնակցությամբ:

09:45-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

Հունիսի 5-ին և 6-ին կանցկացվի ևս մեկ քննարկում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ` քաղաքական կուսակցությունների հետ: Բացման խոսքով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ղեկավար տիկին Դագմար Բոթը: Ելույթներով հանդես կգան ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը:

10:00-ին

ՀՀ նախագահականի մոտից

Լրագրողներին կտանեն «Գրանդ Հոլդինգ», որտեղ կկայանա պրես-տուր:

10:30-ին

«Մեդիամաքս»-ի գրասենյակում (Աբովյան 8, 2րդ հարկ, մուտքը Պուշկինի փողոցից)

Տեղի կունենա «Մեդիամաքս»-ի հրավերով Հայաստան ժամանած լիտվացի լեգենդար բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսի մամուլի ասուլիսը:

11:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության վերջին զարգացումներ» թեմայով: Ասուլիսի բանախոսն է հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

11:00-ին

ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում

Տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ կպարգևատրվեն բնապահպանական խնդիրներն առավել ակտիվ և հետևողական լուսաբանող լրագրողները և Բնապահպանության նախարարության բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած աշխատակիցները: Կհրապարակվի Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը: Կցուցադրվեն «Բնության հրաշքներ» , «Ձկան փշերի կոմպոզիցիա», «Բնապատկերներ բնական բրդից», «Մոմերի աշխարհ» խորագրերով ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կկազմակերպվի կավճանկարչության միջոցառում:

11:00-ին

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ՀՀ ԳԱԱ Պատվավոր դոկտոր Մեսրոպ արք. Աշճեանի անվան Գիտական կենտրոնում (Մարշալ Բաղրամյան 24/4,1 հարկ)

«Զարգացում» հասարակական շարժման նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Ինովացիաները` իբրև առաջընթացի և ճգնաժամի պայմաններում տնտեսական աճի ապահովման կարևոր գործոն» կլոր սեղան քննարկում: Կլոր-սեղան քննարկման նպատակն է բացահայտել ինովացիաները` իբրև ՀՀ տնտեսության զարգացման և աճի գործոն, ընդգծել գիտության կարևորությունը տնտեսական առաջընթացի ապահովման գործընացում. ձևավորել և խթանել ինովացիոն մշակույթ: Քննարկման գլխավոր փորձագետն է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

11:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս «Հայաստանի եւ Սփյուռքի հայ գիտնականները համագործակցում են «Հայկական կենսատեխնոլոգիա» բրենդի աշխարհում ճանաչման գործում» թեմայով: Բանախոսներ.ԴԱՆ միության տնօրենՍամվել Զաքարյան, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի անդամ Ռաֆայել Ազիզյան:

11:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը: Թեմա` «Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակի կապակցությամբ հրապարակվել է «Վերք Հայաստանի» վեպի ձեռագիրը` մեկ գրքում: Հովհաննես Զատիկյանը կներկայացնի թանգարանի գործունեությունը, առաջիկա անելիքները եւ խնդիրները:

11:00-ին

«Անալիտիկ» ակումբում

Հյուրերն են «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը, Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը: Թեմա` «Հաճելի ու տհաճ ամառը. հանգիստ, սեռավարակներ, մաշկային և աչքերի հետ կապված խնդիրներ: Ի՞նչ անել»:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և վերապատվելի Արմեն Միքայելյանը: Թեմա` «Վերջին իրադարձությունները հայաստանյան հոգևոր աշխարհում: Ի՞նչ է տեղի ունեցել այս ոլորտում և ո՞վքեր են պատասխանատուները»: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն թեմային առնչվող նյութեր:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` «Հայաստանի եվրասիական ինտեգրումն Աստանայից հետո»:

12:00-ին

«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10)

Հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը։ Թեմա` «Ներքաղաքական զարգացումներ. ամռանն ընդառաջ»։

12:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

Տեղի կունենա ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցին նվիրված«Իմամ Խոմեյնիի գաղափարների և մտքերի ազդեցության ուսումնասիրությունը հոգևոր տեսանկյունից արդի աշխարհում» գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Իսլամական քարոզչության կազմակերպության տնօրեն Հոջջաթոլ էսլամ վալ Մոսլեմին, դոկտոր Սեյյեդ Մեհդի Խամուշին, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, գիտնականներ եւ հասարակական գործիչներ:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Հյուրն է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը: Թեմա` «Սպասվում է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացում. սպասվող թանկացումներ»:

12:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է անտառագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ աշխատակից Անդրանիկ Ղուլիջանյանը: Թեմա` «Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է: Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում մեր շրջակա միջավայրը»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Էկոլոգիական դաշինք» և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ների նախագահ Սիլվա Ադամյանը և «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանը կխոսեն Բնապահպանի օրվա մասին և կանդրադառնան էկոլոգիական թեժ խնդիրներին:

12:30-ից 17:00

Երևանի կենդանաբանական այգում

Տեղի կունենա միջոցառում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանության ոլորտում գործունեություն իրականացնող ակտիվ հասարակական և առևտրային կազմակերպությունները, որոնք կներկայանան իրենց տաղավարներով: Օրվա խորհուրդը կլինի «կանաչ», պատասխանատու ապրելակերպի քարոզչությունը՝ վերականգնվող էներգետիկա, առողջ սնունդ, հեծանիվ՝ ավտոմեքենայի փոխարեն: Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մրցույթներում կխաղարկվեն հեծանիվներ և «կանաչ» կենսակերպի մաս կազմող այլ նվերներ: Միջոցառմանը Բնապահպանության նախարարությունը կտրամադրի 5 «Կարմիր գիրք»: Օրվա ընթացքում նախատեսվում է նաև մանկական նկարների ցուցահանդես: Միջոցառման օրը՝ ժամը 12:30-ից 17:00-ն, բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար: ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կցուցադրվի «Անտառը և կլիմայի փոփոխությունը» խորագրով դպրոցականների պատրաստած պաստառների և նկարների ցուցահանդես:

13:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

ՄՄ-ի անդամակցության հնարավոր զարգացումների եւ ներքաղաքական իրավիճակի շուրջ կխոսեն ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը եւ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:

13:00-ին

«Էրեբունի պլազա»-ի «Էրեբունի» սրահում

Տեղի կունենա Լաուրա Հովհաննիսյանի բանաստեղծությունների ժողովածուի և Արծրուն Խանգելդյանի տեսահոլովակի շնորհանդեսը: Միջոցառումը ներառում է ասմունք, երգ, և տեսահոլովակի դիտում:

15:00-ին

«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից Հայաստանին Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Մամուլի ասուլիսին մասնակցում են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղա­ղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, «Խաղաղության գավաթ» միջազ­գային միության խորհրդի անդամ Վիկտորս Կրիվցունսը, ԽՍՀՄ տիե­զե­րագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը:

15:00-ին

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի 5-րդ ցուցասրահում /Մաշտոցի 7ա/

Տեղի կունենա Անահիտ Սարյանի /Սիրիա/ ձեռարվեստի անհատական ցուցահանդեսը` նվիրված Անդրանիկ եւ Անահիտ Սարյանների ամուսնության 60-ամյակին:

16:00-ին

Ռուսհամագործակցության ներկայացուցչության հայաստանյան գրասենյակում

Տեղի կունենա գործարար խորհրդաժողով: Թեմա` «Հայ-ռուսական գործարար կապեր, համագործակցության նոր սահմանները, ինտեգրացումը Մաքսային միությանը»:

20:00-ին

«Նարեկացի» արվեստի միությունում (Վարդանանց 16/1)

Կկայանա խմբակային ցուցահանդես: Ցուցահանդեսը «Շրջակա միջավայրի ճեպապատկեր» երիտասարդների փոխանակման ծրագրի արդյունքն է: 8 օրվա ընթացքում 40 երիտասարդներ 8 երկրներից (Հայաստան, Բելառուս, Չեխիա, Վրաստան, Հունգարիա, Իտալիա, Մոլդովա, Անգլիա) կիսվում էին շրջակա միջավայրի և բնության պահպանման վերաբերյալ իրենց փորձով, նաև սովորում էին ինչպես օգտագործել լուսանկարչությունը` որպես բնապահպանական խնդիրների մասին տեղեկացվածության բարձրացման և բնությունը գնահատելու գործիք: Նախաձեռնությունը` Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի:

Հայերեն English Русский