Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը հանգիստ ընթանա

5 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը հանգիստ ընթանա

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է տեսակետը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ: «Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում:

Թեման համարելով չափազանց կարևոր` Քոչարյանը դրա էությունը հասկանալու համար կատարում է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն: Վերլուծելով նախկին նախագահը նկատում է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլորոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ` ռազմաարդյունաբերական համալիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը և գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առևտրի կանոնները: «Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է»,-կարծում է Քոչարյանը:

Հայաստանը, ըստ նրա, ժառանգեց լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական: «ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի և տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում: Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակումից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսատուրքերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով: Գումարեք դրան նաև Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առևտրի ազատականացման, և Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար»,-նկատում է Ռոբերտ Քոչարյանը:

Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: «Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները»,-նշում է Հայաստանի նախկին նախագահը:

Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը, Քոչարյանի կարծիքով, ամեն ինչ պետք է հստակ հաշվարկել, եւ այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը: Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում