Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր վավերագրական ֆիլմը պայքարում է ժխտողականության դեմ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը և անտեղյակությունը պատճառ հանդիսացան, որ Գլասթերի բնակիչ Նուբար Աելքսանյանը և նրա 25-ամյա դուստր Էբին վավերագրական ֆիլմ նկարահանեն մարդկության դեմ իրականացված ամենադաժան հանցագործություններից մեկի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գլասթեր թայմս» պարբերականը, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության հետ Ալեքսանյանների ընտանիքի կապի և անձնական ոբերգության մասին: Առաջին անգամ ֆիլմից հատված կցուցադրվի փետրվարի 23-ին «Cape Ann» ֆորումի ժամանակ: Իսկ ֆիլմն ամբողջությամբ կթողարկվի 2015 թվականի փետրվարին:
«Այդ պատմությունները չեն պատմվում, ահա թե ինչու ենք մենք ֆիլմ նկարահանում: Իմ աղջիկն էր, որ խնդրեց ինձ իր հետ Հայաստան այցելել: Նախկինում ես երբեք չէի մտածել գնալու մասին, քանզի ես ամերիկացի եմ, իսկ ցեղասպանությունն անցյալում է: Հետո հասկացա, որ ոչինչ չգիտեմ այդ մասին: Տատիկիս և պապիկիս ընտանիքները փախել էին ցեղասպանությունից, բայց նրանք երբեք չէին խոսում այդ մասին»,- բացատրում է Նուբար Աելքսանյանը: Հարյուր տարուց և երեք սերունդ տևած լռությունից հետո 63 -ամյա Նուբար Ալեքսանյանը և իր դուստր Էբին սկսել են ուսումնասիրել և նախապատրաստվել ճանապարհորդությանը դեպի իրենց պատմական հայրենիք:
2012-ի մայիսին հայր ու աղջիկ այցելել են Թուրքիա: Երեք շաբաթում նրանք անցել են ավելի քան 2600 մղոն ճանապարհ, և, Նուբարի խոսքով, «յուրաքանչյուր գյուղից, ուր իրենք կանգ էին առել, իր տատիկի խոհանոցի հոտն էր գալիս»: