Փաստ մեկնաբանությամբ

Ուկրաինայի ճակատագիրը Մյունխենում էլ չհանգուցալուծվեց. վերլուծություն

6 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ճակատագիրը Մյունխենում էլ չհանգուցալուծվեց. վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճատև բուժումից ու արձակուրդից վերադարձած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջները չեն դադարում հնչել «Եվրամայդանում»: Մյունխենյան անվտանգության համաժողովին հրավիրված ուկրաինական ընդդիմության ղեկավարները ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումներում իրենց հիասթափությունն են հայտնել գործող նախագահից՝ նշելով, թե նրա հետ բանակցություններում միջազգային հանրության աջակցության կարիքն ունեին: Ավելին, Կլիչկո-Յացենյուկ-Տյագնիբոկ եռյակը ԵՄ-ին կոչ է արել ֆինանսական պատժամիջոցներ կիրառել նախագահի և նրա թիմակիցների նկատմամբ: ԵՄ-ն, սակայն, ընդհակառակը, միջազգային մամուլի փոխանցմամբ, ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատում է Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու ուղղությամբ: Ընդ որում, հենց արևմտյան տեսաբանները չեն բացառում, որ սա ՌԴ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 15 միլիարդ դոլար օգնության հակաքայլն է:

Մյունխենյան համաժողովի արդյունքները, ինչպես Սիրիայի հարցով գումարված «Ժնև-2»-ինը, կողմերի համար ընդհանուր առմամբ գոհացուցիչ չեն: ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը պնդել է, թե Ուկրաինայի ապագան ԵՄ-ն է, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտարարել է, թե պայքարը հանուն եվրոպական ժողովրդավարական ապագայի հենց «Եվրամայդանում» է: Ի պատասխան այս հայտարարությունների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Արևմուտքին երեսպաշտության և առանց այն էլ լարված հակամարտությունն ավելի սրելու մեջ: Այսպիսով, անգամ մարտավարական, ընթացիկ տարաձայնություններից բացի՝ համաժողովի հիմնական կողմերը չեն փոխել իրենց տրամագծորեն հակադիր դիրքորոշումներն ուկրաինական ճգնաժամի շուրջ:

Բացի ներքին ճակատում դիմակայելուց, Յանուկովիչը շուտով ստիպված կլինի պատասխան տալ նաև արտաքին դերակատարների առջև. փետրվարի 10-ին ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Յանուկովիչի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: Գերմանիայի Բունդեսթագի ԱԳ կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոթգենն արդեն հասցրել է հայտարարել, որ բռնություն և ճնշում իրականացնող ղեկավարները պետք է պատժվեն: Գործող նախագահն առայժմ բավարարվում է բոլոր կողմերին ուղղված խաղաղության ընդհանուր կոչերով, ինչպես նաև՝ ՌԴ-Արևմուտք-Ուկրաինա եռակողմ բանակցություններ սկսելու առաջարկով: Յանուկովիչի նման ջանքերն ի դերև էին ելել դեռևս անցած տարեվերջին, երբ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի չստորագրումից հետո եվրոպացի գործընկերները բացատրություններ էին պահանջում պաշտոնական Կիևից:

Ընդդիմությունն, ի տարբերություն գործող իշխանության, ընդունում է միայն ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդության հնարավորությունը, այսինքն՝ անգամ ՌԴ-ի և Արևմուտքի ներգրավվածության դեպքում այդ բանակցությունների արդյունավետությանը պետք է վերապահումով մոտենալ:

Սակայն նույնիսկ ընդդիմությանը՝ որպես բանակցային միասնական կողմ, անհնար է պատկերացնել: Փողոց դուրս ելած մարդկանց խնդիրները բոլորովին տարբեր են: Նրանց մեծամասնությունը պահանջում է արմատական բարեփոխումներ և իշխանափոխություն, իսկ որպես դրանց միջոց՝ տեսնում է եվրաինտեգրումը: Ուկրաինայի արևելքում և հարավում կրկին փողոց դուրս եկած մարդիկ էլ հանդես են գալիս եվրասիական ուղեգծի պաշտպանությամբ և առավել մեղմ դիրքորոշում ունեն գործող վարչակարգի նկատմամբ:

«Եվրամայդանի» վերջին օրերի զարգացումները թույլ են տալիս պնդել, որ բողոքավոր ամբոխը վերապահումով է ընդունում անգամ ընդդիմադիր եռյակին, հատկապես՝ նրանց գործարքներն ու բանակցություններն իշխանությունների հետ: Եռյակն ինքն իշխանության հետ երկխոսելու տարբեր սցենարներ է պատկերացնում: Այսպես, վարչապետի պաշտոնն զբաղեցնելու առաջարկ ստացած Արսենի Յացենյուկը Մյունխենում հրապարակել է կարգավորման իր տարբերակը: Ըստ դրա՝ նախատեսվում է նախ բռնության կանխում ողջ Ուկրաինայում, ապա՝ ձերբակալվածների ազատում, մարդկանց առևանգման, խոշտանգումների և սպանությունների դեպքերի հետաքննում ու բացահայտում, վերջում՝ սահմանադրական բարեփոխման անցկացում և կառավարման խորհրդարանական-նախագահական ձևի հաստատում:

Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները նախ պատրաստ չեն ամբողջ ծավալով կատարելու այս պահանջները, և ապա՝ ընդդիմության շարքերում էլ մարտավարական հարցերի շուրջ ամենատարբեր դիրքորոշումներ կան, այնպես որ՝ Յացենյուկի այս ծրագիրն ամենևին էլ «Եվրամայդանի» պայքարի տրամաբանությունը չէ: Հակառակն, ազգայնական խմբավորումները, որ փողոցային անկարգությունների հիմնական հրահրողներն են, ամենևին հաշվի չեն նստում ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ, առավել ևս, իշխանության որոշումների հետ: Սա նման է վերջին շրջանի սիրիական թնջուկին, երբ իսլամիստ արմատականները հաշվի չեն առնում ընդդիմության դիրքորոշումն ու հաճախ պայքարում են հենց չափավոր ընդդիմադիրների դեմ: Անգամ «Բերկուտին» հակազդելու հարցում ընդդիմադիրները տարակարծիք են՝ ազգայնականները կամ այսպես կոչված Բանդերայի հետևորդները կոչ են անում ոչնչացնել «Բերկուտի» զինվորներին, ընդդիմության առաջնորդներն առաջարկում են ընդամենը ցրել նրանց: Նախաձեռնությունն այս պահին արձակուրդից վերադարձած Յանուկովիչինն է, և նրա առաջիկա գործունեությունը կպայմանավորի ինչպես ընդդիմադիրների գործողությունները փողոցում, այնպես էլ Արմուտքի դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ:

Դավիթ Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում