Փոքր ՀԷԿ-երը 2015-ին կարտադրեն Ատոմակայանի թողարկած էլեկտրաէներգիայի կեսը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող Փոքր հիդրոէլեկտրակայանները 2015 թվականին կարտադրեն Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ցուցանիշի գրեթե կեսը: ՓՀԷԿ ոլորտը 2014թ.-ին կպահպանի զարգացման միտումները, սակայն բնագավառում կան մի շարք խնդիրներ: Ձկների բազմացմանը խոչընդոտելու Փոքր ՀԷԿ-երի ազդեցության մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները խեղաթյուրում են իրականությունը:

Փոքր ՀԷԿ-երի զարգացման հեռանկարները

«Արմենպրես»-ի հետ զրույցում Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը նշեց, որ այդ ոլորտն այսօր էլ համարվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատարը: Նա հիշեցրեց, որ այդ բնագավառը, և ընդհանրապես, վերականգնվող էներգետիկան ՀՀ պաշտոնական փաստաթղթերում հայտարարված է որպես զարգացման առաջնահերթ ոլորտ և ունի ռազմավարական նշանակություն: Բացի դրանից, Հայաստանն իր բնակլիմայական պայմաններով, ռելիեֆով ու ջրային ռեսուրսներով տալիս է ոլորտը զարգացնելու հնարավորություն: Նահապետյանի խոսքով՝ Փոքր ՀԷԿ-երի կառուցման նախորդ տարիների միտումները պահպանվում են: «Եթե 1997 թվականին ՓՀԷԿ-երի սեփականաշնորհումից հետո գոյություն ունեցող 13 ՓՀԷԿ-երից գործում էր ընդամենը 11-ը, ապա 2004 թվականին արդեն գործում էր 29 ՓՀԷԿ և կառուցման փուլում էր 11-ը, իսկ այսօր գործում է ավելի քան 150 ՓՀԷԿ և կառուցման փուլում է մետ 70-ը: Այլ կերպ ասած` 2004 թվականին հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվում էր 112 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, այսօր այն կազմում է 757.7 մլն կՎտ/ժ կամ Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 9 տոկոսը»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ 2015թ. կանխատեսվում է արտադրել 1.3 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը կկազմի հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 12 տոկոսը:

ՓՀԷԿ-երի ոլորտի խնդիրներն ու ձկների բազմացումը

Անդրադառնալով Փոքր ՀԷԿ-երի ոլորտի խնդիրներին և ձկների բազմացմանը խոչընդոտելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին` Նահապետյանը նշեց, որ բնագավառն իր յուրահատկությունների շնորհիվ, բնականաբար, ունի նաև խնդիրներ: «Շահույթի կանխատեսումն այս ոլորտում հարաբերական է, քանի որ ներդրումների հետ վերադարձը տևում է 10 և ավելի տարի, իսկ հայաստանյան առևտրային բանկերը տրամադրում են կարճաժամկետ վարկեր, այն էլ բարձր տոկոսադրույքներով»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք խոչընդոտում են ոլորտի բնականոն գործունեությունը: Նահապետյանը դրանցից նշեց բնակլիմայական պայմանները (սակավաջուր կամ ջրառատ տարի), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը, որն իր մեջ ներառում է նաև շահույթը, ինչպես նաև ներմուծվող սարքավորումների համար վճարվող մաքսատուրքերը:

Նրա խոսքով՝ վերջին տարիների խնդիրներից է մամուլում պարբերաբար հայտնվող ոչ մասնագիտական հոդվածները` կապված շրջակա միջավայրի վրա ՓՀԷԿ-երի ազդեցության հետ, որոնք թյուր կարծիք են ձևավորում հասարակության մոտ ոլորտի վերաբերյալ: «ՀԷԿ-երը գործունեության ընթացքում որեւէ բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում, այսինքն` վնասակար արտանետումներ չունեն, ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջուրը քանակական և որակական փոփոխության չի ենթարկվում»,- ասաց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահը:

Նա հիշեցրեց, որ ՓՀԷԿ-երի կառուցապատման և գործունեության լիցենզիաները տրամադրում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ կայանների տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծերի հիման վրա, որոնցում նախատեսվում է թե ձկնուղիների կառուցում, թե շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնին հասցնելը: Բացի դրանից, պարտադիր կարգով Բնապահպանության նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաշվարկվում ու նախատեսվում են բնապահպանական թողքեր: «Չեմ բացառում, մասնավոր դեպքերում կարող են լինել ինչպես նախագծային, այնպես էլ բնապահպանական խախտումներ, սակայն դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են: Սակայն այս մասնավոր դեպքերը չի կարելի տարածել ողջ ոլորտի վրա և խեղաթյուրել իրականությունը, թե ՀԷԿ-երը վնասում են ձկների բազմացմանը»,- եզրափակեց Նահապետյանը:

Գործող և կառուցվող Փոքր ՀԷԿ-եր

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Սերգեյ Աղինյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 154 Փոքր ՀԷԿ, որից 17-ի լիցենզիան տրամադրվել է 2013 թվականին: «Կառուցման փուլում է գտնվում 68 ՓՀԷԿ, որից 10-ի լիցենզիան տրվել է 2013 թվականին»,- նշեց Աղինյանը: Նրա կանխատեսմամբ՝ ՓՀԷԿ-երի կառուցման առկա տեմպերը կպահպանվեն նաև 2014 թվականին:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2012 թվականին արտադրվել է շուրջ 8 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից մոտ 2.3-ական միլիարդը բաժին է ընկնել Մեծամորի ատոմակայանին և հիդրոէլեկտրակայաններին: Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են ջերմաէլեկտրակայանները՝ շուրջ 3.4 միլիարդ կՎտ/ժ:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA