Հայաստանն ու Վատիկանը նույն դիրքորոշումն ունեն Սիրիայի հակամարտության լուծման հարցում. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հակամարտության կարգավորման հնարավոր է հասնել երկխոսության միջոցով: Հայաստանը կիսում է Սուրբ Աթոռի դիրքորոշումն այն հարցում, որ միայն բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ կարելի է հասնել կայուն խաղաղության: Այս մասին նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican Radio-ի հետ զրույցում:
«Վերջին ամիսներին տասնյակ հազարավոր սիրիահայեր գաղթել են Հայաստանի Հանրապետություն` այդ սարսափներից և բռնությունից փրկվելու համար, և մենք, հավանաբար, մյուսներից ավելի լավ ենք հասկանում ստեղծված վիճակի դրամատիզմը, որը Հռոմի պապն խստորեն դատապարտել է ընտրվելուց ի վեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Հունվարի 13-ին Հռոմի Ֆրանցիկսոս պապն առաջին անգամ ընդունել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագետներին: Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր մտահոգությունն է հայտնել սիրիական հակամարտության վերաբերյալ` նշելով, որ անընդունելի է այն, որ թիրախում հայտնվում են անզեն քաղաքացիները: Ֆրանցիսկոս պապը գնահատել է այն երկրների ջանքերը, որոնք ապաստան են տվել սիրիացի գաղթականներին:
«Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Սիրիայում խաղաղություն ամրապնդելու Սրբազան Հոր ջանքերը և անկեղծորեն հույս հայտնում` «Ժնև-2» համաժողովը, որի մասին հիշատակել է նաև Պապն իր խոսքում, շրջադարձային կլինի»,-ասել է դեսպանը Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում և հավելել. «Մենք հավատում ենք, որ հակամարտությունները կարգավորվում են երկխոսության միջոցով: Մենք կիսում ենք Սուրբ Աթոռի դիրքորոշումն այն հարցում, որ միայն բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ կարելի է հասնել կայուն խաղաղության»:
Մինասյանի խոսքով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգասյանի որոշումը` Հռումում դիվանագիտական մշտական առաքելություն բացելու վերաբերյալ, ընդգծում է, որ Հայաստանը կիսում է Սուրբ Աթոռի հետ նույն արժեքները և մտահոգությունները` կարևորելով Վատիկանի` աշխարհում ունեցած դիվանագիտական նշանակությունը:
Դեսպան Մինասյանն ՀՀ առաջին դեսպանն է Սուրբ Աթոռում, ում նստավայրը Հռոմն է: Նա Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան է նշանակվել 2013 թվականին: