Հայտնի է եվրոպական GMP ստանդարտը ներդրած առաջին հայկական դեղագործական ընկերությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիկվոր» դեղագործական ընկերությունը առաջինը Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերի 10-ին կստանա եվրոպական GMP` պատշաճ արտադրական գործունեության ստանդարտներին համապատասխանելու հավաստագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարութան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

«Այս քայլը հնարավորություն կտա ընկերությանը դեղեր արտահանել ոչ միայն ԱՊՀ տարածք, այլը եվրոպական երկրներ»,- պարզաբանեց նա:

Դեղարտադրող տեղական կազմակեպություններից երեքը` «Արփիմեդ»-ը, «Լիկվոր»-ը և«Ֆարմատեք»-ն առաջինն էին դիմել դեղագործական պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու համար:

Թոփչյանի հավաստմամբ` GMP ստանդարտների ներդրման գործընթացը Հայաստանում հնարավորություն կտա զարգացնել տեղական դեղարտադրությունը եւ դուրս գալ Եվրամիության եւ այլ երկրների շուկաներ, որոնց նկատմամբ Հայաստանն ունի հետաքրքրություն: Այս կերպ կճանաչվի եւ արտերկրում կիրառելի կլինի Հայաստանում դեղարտադրող ընկերություններին տրված միջազգային չափորոշիչներին համապատասխան հավասատագիրը: Նրա խոսքով` պետությունն այժմ համաֆինանսավորման սկզբունքով ներդրումներ է կատարում դեղարտադրության ոլորտի կադրային ներուժի զարգացման, սարքավորումներով համալրման ուղղությամբ:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենը GMP ստանդարտների ներդրումը կարևորեց նաեւ պետության դեղորայքային անվտանգության տեսանկյունից, քանի որ ներկայում Հայաստանի շուկայում սպառվող դեղերի միայն 10 տոկոսն է բաժին ընկնում տեղական դեղերին, իսկ 90 տոկոսը` ներկրվում է:

Մասնագետի կանխատեսմամբ` երկու տարվա ընթացքում հայկական արտադրության դեղերն արդեն մրցունակ կլինեն եվրոպական, ասիական շուկաներում:

ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերին ընդունած որոշման համաձայն ներդրվելիքGMP ստանդարտները կապահովեն հայկական արտադրության դեղերի որակն ու անվտագությունը:

GMP դեղագործական պատշաճ արտադրական գործունեության ստանդարտների ներդրումը Առողջապահության նախարարությունում քննարկվում էր 2002թ.-ից սկսած, սակայն, եթե նախկինում արտադրողները պատրաստ չէին ներդրումներ կատարել, ապա այսօր մասնավոր հատվածն էլ է գիտակցում դրանց ներդրման անհրաժեշտությունը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013թ.-ի հունվար-հոկտեմեբրին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում դեղագործական արտադրանքի թողարկման ծավալն աճել է 33,2 տոկոսով և կազմել 4 մլրդ 240,6 մլն դրամ:

Հայերեն English Русский