Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանը երկակի խաղ է խաղում Եվրամիության հետ. վերլուծություն

6 րոպեի ընթերցում

Ադրբեջանը երկակի խաղ է խաղում Եվրամիության հետ. վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 28-ին մեկնարկելիք վիլնյուսյան գագաթնաժողովը, որում նախատեսվում է Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրերի նախաստորագրում կամ ստորագրում, խոստանում է հետաքրքրական և անակնկալներով հարուստ լինել. մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ բոլոր վեց երկրների արտաքին քաղաքական ուղեգիծն էլ այն չէ, որով դրանք սկսում էին բանակցությունները 2009-2010 թթ.: Ի թիվս Արևելյան գործընկերության անդամ այլ երկրների շուրջ անորոշության, հետաքրքրական է նաև Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ առանց որևէ լուրջ հիմնավորման պայմանագրի ստորագրումից հրաժարումը: Եթե ուկրաինական ներքաղաքական ճգնաժամը և այդ երկրի ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակությունը քողազերծում է պայմանագրի ստորագրման հնարավոր հետևանքները՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման հեռանկարի հաշվառմամբ, Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, Վրաստանն ու Մոլդովան հակված են նախաստորագրելու, Բելառուսն ի սկզբանե վերապահումով է մոտեցել գործընթացին, ապա առնվազն անհասկանալի է Ադրբեջանի չորսամյա ոգևորությունից հետո համաձայնագրի ստորագրման աննպատակահարմարության մասին հայտարարությունը:

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե Բաքուն վիլյնուսյան գագաթնաժողովում չի նախատեսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում, փոխարենը՝ ԵՄ-ին առաջարկում է կնքել գործընկերության մասին համաձայնագիր, միաժամանակ՝ Մամեդովը նշեց, թե տեղյակ չէ՝ իր երկիրն ինչ մակարդակով է ներկայացված լինելու Վիլնյուսում: Գագաթնաժողովի մեկնարկից ընդամենը երեք օր առաջ պաշտոնական Բաքուն ցանկություն է հայտնել նոր փաստաթուղթ պատրաստելու, որը կարտացոլի Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների ողջ ծավալը: Մասնավորապես, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ԵՄ-ի հետ գործակցության համատեքստում հետաքրքրված է միայն վիզային ռեժիմի դյուրացմամբ և ակնկալում է Վիլնյուսում հենց այդ մասին փաստաթուղթ ստորագրել:

Նախօրեին էլ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարեց, թե կողմերը պատրաստվում են մի «շարք ոլորտներում ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր և ԵՄ-ի ծրագրերում Ադրբեջանի մասնակցության ընդլայնման մասին արձանագրություն» ստորագրել: Ադրբեջանական կողմը դեռևս սեպտեմբերից տարբեր առիթներով խոսում էր վիլնյուսյան գագաթնաժողովում տարածաշրջանային հակամարտությունների թեմատիկայի քննարկման անհրաժեշտության մասին՝ բնականաբար, նկատի ունենալով արցախյան հիմնահարցի անհարկի արծարծումը: Թերևս, ադրբեջանական դիվանագիտության այս ձեռնարկումը ձախողվել է:

Եթե անգամ Ադրբեջանը ցանկություն հայտներ ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ապա դրա բաղադրիչ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը չէր կարող ստորագրվել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չլինելու պատճառով: Թերևս, իր էներգետիկ գերակայությունը մատնանշելու համար Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է՝ ձգձգում է ԱՀԿ-ի հետ բանակցությունները, իսկ առևտրի ազատության ցուցանիշով զիջում է հարևաններին և ԱՊՀ երկրների մեծամասնությանը:

Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Ասոցացման համաձայնագրի դրույթները չափազանց խիստ են, և դրանց կատարման դեպքում երկիրը կարող է լիարժեքորեն անդամակցել Եվրամիությանը, այլ ոչ թե դառնալ ասոցացված անդամ: Բաքվին հատկապես նյարդայնացնում է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների մասին փաթեթը, որն ակնհայտորեն կիրառելի չէ Ադրբեջանում, այդ իսկ պատճառով այդ երկրի իշխանությունները փորձում են «հատուկ բնույթի հարաբերություններ» հաստատել ԵՄ-ի կառույցների հետ: Փոխարենը՝ Բաքուն փորձում է ԵՄ-ի հետ հարաբերություններում գործակցել էներգետիկ և անվտանգային ոլորտներում: Ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահական ընտրությունների հասցեին Եվրախորհրդարանի, ԱՄՆ Պետքարտուղարության և ԵԱՀԿ դիտորդական առաքելության հնչեցրած խիստ քննադատությունը Բաքվին «ստիպեց» կասեցնել անդամակցությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին:

Փաստացի, մի կողմից Ադրբեջանը ցավագին է տանում եվրապաշտոնյաների ցանկացած սուր խոսք երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին, մյուս կողմից՝ ակնկալում ԵՄ-ի հետ նավթագազային և այլ առևտրատնտեսական համագործակցություն: Առնվազն հրապարակային հայտարարություններում եվրապաշտոնյաներն առանձնապես չեն բարդութավորվում՝ խոսելու Ադրբեջանում տիրող հոռի քաղաքական իրավիճակից, թեև գործնական մակարդակում՝ առևտրատնտեսական գործակցության ոլորտում, սերտացնում են կապերը: Այսպես, Եվրամիության Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը, ով ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցիչն է, վերջին ամիսներին տարբեր առիթներով անդրադարձել է Արևելյան գործընկերության անդամ երկրներում նկատվող հաջողություններին եվրոպական ինտեգրման ոլորտում՝ որևէ կերպ չնշելով Ադրբեջանի անունը:

Դավիթ Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում