3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության ժողովրդական գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն իր «Խաչելիություն» նկարը նվիրեց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամին: Նկարչի 1991 թվականին ստեղծված աշխատանքը յուրահատուկ խորհուրդ ունի: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էլիբեկյանը պատմեց, որ սիրով է կատարել այս որոշումը, քանի որ իր մանկությունը և երիտասարդությունը Օձունում է անցել:
«Իմ քեռին այնտեղ էր ապրում, Ձորագեսի գլխավոր ինժեներներից մեկն էր: Շատ կապված եմ Օձունի հետ»,- ասաց Ժողովրդական նկարիչը:
Ներկայացնելով նկարի ստեղծման պատմությունը` նա նկատեց, որ ի տարբերություն այժմյան իրականության` խորհրդային տարիներին հոգևոր թեմատիկա ունեցող աշխատանքներ ցուցուցադրելը իր համար «բաց և թափանցիկ» չէր: Չնայած ժամանակի առաջադրած խնդիրներին, նկարչին անգամ այն ժամանակ հաջողվել է ստեղծագործել հոգևոր թեմատիկայով և ներկայացնել իր գործերը:
«Միշտ իմ մեջ է եղել այդ թեմատիկան: Նախկինում առանց շահի աշխատելը առավել հեշտ էր, դու էիր, Աստված և այն հավատքը, որը քեզ հետապնդում է, և չէիր կարող հասկանալ, թե ինչպես է ստեղծվել այս աշխատանքը»,- պարզաբանեց գեղանկարիչը, ում «Աստվածածին» կտավը 2000 թվականից զարդարում է ԵրևանիՆորքթաղամասի բարձունքին կանգուն Սուրբ Մարիամ Աստվածածինեկեղեցին:
«Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործականհիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը նշեց, որ Ռոբերտ Էլիբեկյանը ոչ միայն երախտավոր արվեստագետ է, այլև հայ նկարչության նահապետներից մեկը:
«Վստահ եմ, որ իր կտավը ավելի է ամրացնելու Օձունի վերականգնվող եկեղեցին, որովհետև նա բացի նկարիչ լինելուց, տարբեր տիտղոսներ կրելուց նաև հոգևոր մարդ է: Ինձ համար շատ լավ օր է այսօր»,- ասաց Շերմազանյանը: Նրա տեղեկացմամբ` եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտը նախանշված է 2014 թվականի հոկտեմբերին, սակայն հնարավոր է, որ այդ ժամկետները կերկարաձգվեն:
«Խաչելիություն»-ը 30-րդ նկարն է, որը տարբեր նկարիչների կողմից նվիրվում է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամին: Առաջիկայում նկարը կհանվի աճուրդի, որից գոյացած հասույթը կուղղվի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին:
«Օձունի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը եռամյա կենսագրություն ունի: Այն ստեղծվել է 2011 թվականի դեկտեմբերին: Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է հայրենի պատմության և ճարտարապետության բացառիկ հուշարձանները կյանքի կոչելու համար ՀՀ մշակույթի նախարարության նախագծերով և Հայ Առաքելական եկեղեցու հավանությամբ: