ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոփոխվի 2014 թ. պետական բյուջեով, հետևաբար բիզնեսի համար հարկային բեռը չի ավելանա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բյուջեի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում փորձեր են արվել ավելացնել հարկային եկամուտների հավաքագրման տոկոսը ՀՆԱ-ի նկատմամբ, սակայն այժմ Հայաստանը գտնվում է մի մակարդակում, որը թույլ է տալիս դադարեցնել հարկային ճնշումները։
«Դա չափազանց կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ այս ցուցանիշով հետ էինք մեր հարևաններից։ Յուրաքանչյուր տարի հաջողվում էր 0,3-0,4 տոկոսի աճ արձանագրել, այսինքն` այդքանով կրճատվում էր նաև ստվերի մակարդակը տնտեսությունում։ Վերջին տարիներին այդ աճի` շատ ավելի բարձր մակարդակ գրանցվեց, և այս տարի մենք կունենանք 1 տոկոսից ավելի աճ։ Կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին կունենանք 23,1-23,6 տոկոս հարկային հարաբերակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը։ Նա նշեց, որ դա առիթ է դարձել հաջորդ տարվա ընթացքում չպանավորել 0,3-0,4 տոկոսի աճ։
Մինասյանի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեի առանձնահատկություններից է, որ կգրանցվի բավականին լավ աճ եկամտային մասում՝ շուրջ 10 տոկոս։ «Ծախսերը կաճեն 8 տոկոսով, իսկ դիֆիցիտը կկազմի 2.6 տոկոս։ Դա վատ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով, որ Եվրամիության անդամ երկրների համար սովորաբար ռիսկային է համարվում 3 տոկոսից ավելի բարձր դիֆիցիտի ցուցանիշը»,- ասաց նա։
2014 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 244 միլիարդ դրամ, եկամտային մասը` 1 տրիլիոն 134 միլիարդ դրամ, պակասուրդը` 110 միլիարդ դրամ: 2014թ. Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը նախանշվել է 4 տրիլիոն 723 մլրդ 700 մլն դրամ: ՀՀ 2013 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, պակասուրդը՝ 124 մլրդ դրամ: