2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանընոյեմբերի 12-ին հանրությանը կներկայացնի իր նոր “Troubadour and the Nightingale” ձայներիզը: Նոր ձայնասկավառակում Բայրաքդարյանը կներկայացնի ինքնատիպ ստեղծագործություններ՝ յուրօրինակ լուծումներով:Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ երգչուհու ֆեյսբուքի պաշտոնական էջից, Բայրաքդարյանի նոր ձայներիզը կմեկտեղի Սայաթ-Նովայի, Ռավելի և երգչուհու ամուսնու` Սերուժ Քրաջյանի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 20-ին «Արմենպրես»-ինտված հարցազրույցում երգչուհին տեղեկացրել էր, որ ձայներիզի ստեղծման աշխատանքները գրեթե ավարտվել են:
Երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանում` հայկական ընտանիքում: Լիբանանում երգել է հայկական եկեղեցու երգչախմբում: Այնուհետև տեղափոխվել է Կանադա և զբաղվել երգով`արդեն որպես պրոֆեսիոնալ: 2000 թվականին հաղթել է Պլասիդո Դոմինգոյի կազմակերպած «Օպերալիա» մրցույթում: Ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում: 2004 թվականին Բայրաքդարյանի երկրորդ` «Azulão» ձայնասկավառակը նրան բերեց «Ջունո» մրցանակ: Առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` «Մատանիների տիրակալը» ֆիլմի երգի համար: Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի սաունդթրեքում ևս հնչում է Բայրաքդարյանի ձայնը: