Տնտեսություն

Երևանում կանցկացվի ոսկեգործական «Երևան շոու» երրորդ միջազգային ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի ոսկեգործական «Երևան շոու» երրորդ միջազգային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28-31-ը Հայ ոսկերիչների ընկերակցությունը (AJA-Armenian Jewellers Association) ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ կանցկացնի ոսկեգործական երրորդ միջազգային «Երևան շոու 2013» ցուցահանդեսը և համաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը։Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի վերջին՝ նվիրվելով այդ ամսվա վերջին կիրակի օրն արդեն երկրորդ տարին Հայաստանում նշվող Ոսկեգործի օրվան։

Միրզոյանը պարզաբանեց, որ, սովորաբար, AJA-ի շնորհիվ ցուցահանդես են այցելում տարբեր երկներում ոսկերչական իրերի դիստրիբուցիայով և մանրածախ վաճառքով զբաղվող մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ։ Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսի նման այցելուների թիվն այս անգամ էլ ավելի մեծ կլինի։

«Երևան շոու 2012»-ին, բացի հայ ոսկեգործներից, մասնակցել են ավելի քան 70 երկրների (այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թաիլանդ, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Եգիպտոս, Հոնկոնգ, Լիբանան, Հնդկաստան, Թուրքիա, Չինաստան, Ճապոնիա) ոսկեգործական և հարակից ոլորտների ընկերություններ և անհատ վարպետներ։

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրենի խոսքով՝ «Երևան շոու 2013» ոսկեգործական ցուցահանդեսը ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի կողմից հուլիսի 26-ին հաստատված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության 2013-2020թթ.-ի ոլորտային ռազմավարություններով և դրանց իրականացումն ապահովող 2013-2015թթ. գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումներից է։ Նշված ոլորտների զարգացմանը պետությունն աջակցում է 2011թ.-ի դեկտեմբերին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» շրջանակներում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ.-ի առաջին կիսամյակում երկրում թողարկվել է 9 մլրդ 763 մլն դրամի արտադրանք՝ կամ 32,3 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում