Քաղաքականություն

Հայաստանն ավարտել է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները ԵՄ-ի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ավարտել է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները ԵՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ` որպես կառույցի եւ Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի մաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից, բանակցությունների յոթերորդ և եզրափակիչ փուլում կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ, որով նոր շրջանակ է նշանավորվել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերություններում:

ԽՀԱԱՀ-ը փոխշահավետ պայմաններ է ստեղծում թե ԵՄ, թե Հայաստանի համար: Մասնավորապես այն կնպաստի Հայաստանի տնտեսական ինտեգրմանը Եվրամիությանը` ապահովելով հայրենական ապրանքների ավելի դյուրին մուտք դեպի եվրոպական շուկա, ինչպես նաև փոխաջակցություն երկու շուկաների միջև: Այն հնարավորություններ կընձեռի Հայաստանին արդիականացնել իր առեւտրային հարաբերությունները և առևտրի տարբեր ոլորտներում օրենքի և կանոնակարգերի ներդաշանակության հեռանկարներ կբացի` տնտեսական զարգացման համար: Այդ բարեփոխումները պայմաններ կստեղծեն, որպեսզի հայաստանյան տնտեսության հիմնական ճյուղերը համապատասխան դառնան ԵՄ չափանիշներին:

Անկախ ուսումնասիրությունները վկայում են, որ երկարաժամկետ հեռանկարում հայկական տնտեսությունը կարող է տարեկան ձեռք բերել լրացուցիչ 146 միլիոն եվրո և ՀՆԱ-ի 2.3 տոկոս աճ: 15.2 տոկոս աճ է կախատեսվում Հայաստանից արտահանման մասով և 8.2 տոկոս աճ` ներմուծման, ինչը երկարաժամկետ հեռանկարում կբերի Հայաստանի առեւտրի հաշվեկշռի բարելավմանը: Իր հերթին, ԵՄ-ն ակնկալում է ձեռք բերել 74 մլն եվրո:

Ասոցիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները ԵՄ և Հայաստանի միջև սկսել են 2010 թվականից: Նպատակն էր` Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխարինել նոր` խորացված հարաբերություններով: Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները սկսվել էին 2012-ի մայիսից: Բանակցային գործընթացի յոթ փուլերից հետո վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013 թվականի հուլիսի 24-ին:

Այժմ Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներին կներկայացնի ԽՀԱԱՀ - ի տեքստը, որից հետո ԵՄ-ն ու Հայաստանը պաշտոնապես կնշեն ԽՀԱԱՀ-ի և Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտը:

ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, որը ներառում է երկրի առևտրի 32 տոկոսը: 2012 թվականին ապրանքների երկկողմ առևտուրը կազմել է 951 միլիոն եվրո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում