Փաստ մեկնաբանությամբ

Աղվան Հովսեփյանի հայտարարությունը սառը ցնցուղ էր Թուրքիայի համար. թուրքագետ

4 րոպեի ընթերցում

Աղվան Հովսեփյանի հայտարարությունը սառը ցնցուղ էր Թուրքիայի համար. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀգլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը սառը ցնցուղ էր թուրքական իշխանությունների համար: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով` այդ հայտարարությունը բավական անսպասելի էր Թուրքիայի համար, եւ հենց դա է գլխավոր պատճառը, որ մեր հարեւանների պաշտոնական պատասխանն ուշացավ: «Թուրքական իշխանություններն ուղղակի չգիտեին ինչպես պատասխանել հայտարարությանը: Նրանք այն խիստ որակեցին, սակայն հայտարարության մեջ որեւէ խիստ բան չկար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Անդրադառնալով գլխավոր դատախազի հայտարարության այն հատվածին, թե Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ, թուրքագետը նշեց, որ այսօր ցեղասպանության ճանաչման գործընթացում առաջնային պլան է մղվել փոխհատուցումը: «Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկրների շարքը չի անցել երկու տասնյակից, բայց այսօր աշխարհում ոչ մի պետություն չկա, որն ասի, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել: Նրանք ուղղակի չեն բարձրաձայնում, քանի որ չեն ուզում խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ»,- ասաց նա:

Իսպիրյանը նշեց նաեւ, որ Աղվան Հովսեփյանի հայտարությունը ոչ մի առնչություն չունի թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ: «Դրանք սովորական զորավարժություններ էին, որոնք պլանավորվել էին դեռ մեկ տարի առաջ: Ուղղակի իրադարձություններն անկախ իրենցից համընկել են իրար հետ»,- հավելեց թուրքագետը:

Հուլիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀգլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անվիճելի է համարել, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Նա համոզված է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հայտարարությամբ արձագանքեց մի քանի օր ուշացումով: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական պետությունից պատմական հայկական տարածքները վերադարձնելու մասին հայտարարությունն անընդունելի է:«Թուրքիայի հողերի նկատմամբ Հայաստանի հավակնությունները հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցում է Հայաստանը: Պետք է հստակ հասկանալ, որ ոչ ոք չի կարող տարածքային պահանջ ունենալ Թուրքիային»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում