Փաստ մեկնաբանությամբ

Արաբագետը Եգիպտոսում տիրող իրավիճակը շահեկան է համարում Սիրիայի իշխանությունների համար

4 րոպեի ընթերցում

Արաբագետը Եգիպտոսում տիրող իրավիճակը շահեկան է համարում Սիրիայի իշխանությունների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի հասարակական քաղաքական կյանքում նոր փուլ է սկսվում, որը կարող է տանել իրավիճակի ծայրահեղացման: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը: «Եգիպտոսի հասարակության առջև մի քանի մարտահրավերներ են ծառացած: Եգիպտական բանակը, որը միշտ եղել է հեղինակավոր կառույց և ազդեցություն է ունեցել Եգիպտոսի հասարակական-քաղաքական կյանքում, իր ձեռքը վերցրեց իշխանությունը և հանդես եկավ այն երաշխիքը, որ չի լինի արյունահեղություն` չնայած Եգիպտոսի հասարակությունն այսօր բաժանված է երկու հավասարազոր մասի` մարդիկ, ովքեր չեն ընդունում Մուհամեդ Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ»-ի իշխանությունը, և մարդիկ, ովքեր ընդունում են նրանց»,-ասաց Հայկ Քոչարյանը: Արաբագետի խոսքերով` այդ իրավիճակը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, քանի որ փորձ է կատարվում օրինական ճանապարհով իշխանություն ձեռք բերած քաղաքական ուժին զրկել իշխանությունից: «Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին իշխանությունից զրկելը տարածաշրջանի մյուս երկրներում էլ կարող է լայն արձագանք առաջացնել, քանի որ այս կառույցը մեծ հեղինակություն է ներկայացնում նաև Մերձավոր Արևելքում»,-նշեց արաբագետը:

Եգիպտոսի նոր առաջնորդի դերում արաբագետը չի բացառում եգիպտական բանակի գերագույն հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսիի առաջադրումը` նշելով, որ ամեն ինչ կախված է ներքին բանակցություններից և անցումային կառավարության կազմից: «Բանակի և Սիսիի հեղինակությունն այսօր երկրում շատ մեծ է: Ռազմական գործիչները կարող են օգտվել այս իրավիճակից, առաջարկել իրենց թեկնածուին ու գալ իշխանության, բայց պետք չէ նաև «Մուսուլման եղբայրներ»-ին բացառել շարժման կարևոր կառույց լինելուց, քանի որ նրանք ունեն կայուն ընտրազանգված, որն իր խոսքը կասի»,-հավելեց Հայկ Քոչարյանը:

Նա, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին և Եգիպտոսի դեպքերի ազդեցությանը տարածաշրջանի վրա, ասաց, որ այդ ֆոնին Սիրիան հետին պլան է անցել: «Սիրիայում ընթացող գործողությունները հետաքրքիր են նրանով, որ կարծես, թե դրսի խաղացողների համար չկա կոնկրետ որոշում, թե ինչպիսին պետք է լինի Սիրիայի հետագա ճակատագիրը: Նրանք հասկանում են, որ իրավիճակը այնպես չի, ինչպես կանխատեսվում էր: Ընդդիմությունը շատ խայտաբղետ է, կա ռազմական ընդդիմություն և կան ծայրահեղականներ: Հստակ է, որ պետք է զենք մատակարարել ընդդիմությանը, որը պայքարում է Ասադի դեմ, բայց ոչ այն ընդդիմությանը, որը ծայրահեղական է»,-ընդգծեց արաբագետը: Նրա խոսքերով` խռովությունները տարածաշրջանում կարող են բարենպաստ պայամաններ ստեղծել Բաշար ալ-Ասադի համար` արագացնելու իր գործողությունները և զգալի տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու:

Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակի գերագույն հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին ուղիղ եթերով հայտարարել է, որ երկրի Սահմանադրության կիրառությունը ժամանակավորապես դադարեցվում է: Սահմանադրական դատարանի նախագահը ժամանակավորապես իր վրա է վերցրել նախագահի լիազորությունները: Նախագահ Մուհամեդ Մուրսին զինված ուժերի եւ քաղաքական գործիչների կողմից առաջադրված «ճանապարհային քարտեզը» մերժել է` երկրում տեղի ունեցողն անվանելով «զիված հեղաշրջում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում