Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել են «Խոլստ» միավորման արվեստագետների աշխատանքները
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան մշակութային կյանքն այս օրերին հագեցած է ևս մեկ իրադարձությամբ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Խոլստ» մոսկովյան ստեղծագործական միավորման «Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ռուս արվեստագետների աշխատանքները: Գեղանկարիչներ Վիոլետա Գոլդինան, Իրինա Կովալևսկայան, Վիկտորիա Կուզմինան, Ելենա Պավլովան, Մարիաննա Չայկինան և Դմիտրի Խոլկինը ձևավորել են իրենց խումբը դեռ երկու տարի առաջ՝ միավորվելով ստեղծագործական ընդհանուր գաղափարների շուրջ և իրենց կտավները հիմնականում ստեղծում են Եվրոպայի ու Ասիայի գեղատեսիլ վայրեր համատեղ այցելությունների ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանցի գեղանկարիչները եղել են Հայաստանում 2012 թվականի սեպտեմբերին, ինչը, նրանց խոսքով, թողել էր իրենց հոգում տարվա ամենավառ տպավորությունը: Հայաստանի բնության գեղեցկությամբ և մշակութային հարուստ ժառանգությամբ ոգեշնչված «Խոլստ» խմբի գեղանկարիչները ստեղծեցին հայաստանյան մոտիվներով նկարների շարք, որոնք այսօր ներկայացված են Սարյանի տուն-թանգարանում:
Այս տարվա փետրվարին Մոսկվայում՝ «Արարատ Պարկ-Հայաթ» հյուրանոցում «Արտ-ֆինանս» ընկերության, Sothbey's աճուրդային տան և «Արտ-Նաջար» պատկերասրահի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին ներկայացված էին «Խոլստ» միավորման նկարիչների թվով յոթ աշխատանքներ, որոնք ստեղծվել էին Հայաստան ստեղծագործական այցելության ընթացքում:
«Վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմեց 150 հազար ԱՄՆ դոլար, որը փոխանցեցինք Սարյանի տուն-թանգարանին: Այսօր Սարյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսում մենք ներկայացնում ենք Հայաստանում ստեղծված նկարները և մի շարք այլ աշխատանքներ: Ցուցահանդեսը կրում է «Երկխոսություն» խորագիրը, քանի որ Հայաստան բերեցինք մեր աշխատանքները, շփվեցինք այստեղ, լսեցինք մարդկանց, ստեղծեցինք նկարներ և այդ մասին պատմեցինք Մոսկվայում: Իսկ արդեն Մոսկվայում մեզ լսեցին, ձեռք բերեցին մեր աշխատանքները, միջոցները փոխանցեցինք տուն-թանգարանին: Այս երկխոսությունը, որը սկսվել է մեր միջև, շատ հետաքրքիր է: Սա՝ ցուցահանդես-երկխոսություն է, և հուսով եմ, որ այդ երկխոսությունը շարունակական է լինելու», – նշել է «Խոլստ» ստեղծագործական միավորման գեղանկարչուհի Իրինա Կովալևսկայան:
«Երկխոսություն» ցուցահանդեսով, սակայն, «Խոլստ» միավորման՝ Հայաստանի հետ կապված ստեղծագործական ծրագրերը չեն ավարտվում:
«Մենք շատ մեծ ծրագրեր ունենք: Արդեն այսօր՝ այս այցելության ընթացքում անցկացրել ենք պլեներներ, նկարել ենք: Բացի այդ, Հայաստանում պատրաստված էտյուդներով կստեղծենք նկարներ Մոսկվա վերադառնալուց հետո: Այդ բոլոր աշխատանքների համար կփորձենք կազմակերպել ցուցադրություններ: Իսկ հաջորդ անգամ, ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին, ցանկանում ենք այցելել Լեռնային Ղարաբաղ: Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը, այստեղ ապրող մարդիկ, բնությունը, մշակութային հարստությունը: Սարյան ընտանիքի հետ ծանոթությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Դա՝ անցած դարասկզբի ռուս, խորհրդային և հայ նկարիչների արվեստի, կյանքի և համագործակցության մասին գիտելիքների գանձարան է: Դա շատ հետաքրքիր է, և մեծ ուրախությամբ շարունակելու ենք զարգացնել այդ թեման», – «Խոլստ» միավորման հետագա ծրագրերով կիսվել է Իրինա Կովալևսկայան:
«Երկխոսություն» ցուցահանդեսն ացկացվելու է մինչև մայիսի 28-ը: