Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետի համոզմամբ` Հայկական հարցը լուծվում է Արցախի բարգավաճման շնորհիվ

4 րոպեի ընթերցում

Քաղաքագետի համոզմամբ` Հայկական հարցը լուծվում է Արցախի բարգավաճման շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հարցը լուծվում է Արցախի բարգավաճման շնորհիվ: Այս համոզմանն է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, ով ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանի ազգային քաղաքականության մեխը պետք է լինի Արցախի պաշտպանությունը: «Մենք պետք է հիշենք, որ Հայկական հարցի գլխավոր խնդիրը լուծվում է Արցախի լեռներում: Մեր հիմնական անելիքը պետք է լինի Արցախը պահելն ու շենացնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Հայկական հարցի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերում առաջնահերթությունը Արցախի հզորացմանը պետք է տալ: 

Շիրինյանը, Հայկական հարցի լուծման գործում կարեւորելով Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրը, նշեց, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ինչ-որ քայլերի հնարավոր ձախողումը չպետք է հիասթափություն առաջացնի: Քաղաքագետն անհրաժեշտ համարեց նաեւ Ջավախքի դեմոգրաֆիական խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: 

Միջազգային իրավունքի խորագիտակ հայ մասնագետներ չկան. բարձրաձայնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային իրավական դաշտ տեղափոխելու հարցից: «Հիմա Հայոց ցեղասպանության հարցում անցում է կատարվում պատմագիտական հետազոտությունից դեպի միջազգային իրավական հարաբերությունների ոլորտ, սակայն լիարժեք միջազգային իրավունքի մի մասնագետ չունենք ոչ Սփյուռքում, ոչ Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ ասում է Շիրինյանը: Քաղաքագետը համոզված է, որ ոչ մի իրավունք առանց ուժի չի կարող իրականացվել, ուստի ներկայում Արեւմտյան Հայաստանի հողային պահանջատիրության հարցի լուծումը միայն թուրքական հասարակության փոխվելով չի կարգավորվի: «Եթե չլինի աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժ ու փոփոխություն, եւ Թուրքիայի շուրջ չառաջանա այնպիսի մի վիճակ, ինչպես 1918 թվականին էր առաջացել, թուրք հասարակության փոխվելով այդ խնդիրը չի լուծվի»,- ավելացնում է Շիրինյանը: 

Թուրքիան առաջին համաշխարհայինի տարիներին Արեւմտյան Հայաստանում բնաջնջեց 1,5 միլիոն հայերի, հարյուր հազարավորներին փախստական դարձրեց: Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ: Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Միավորված ազգերի կազմակերպությունը 1948թ. դեկտեմբերի 9-ին  ընդունել է «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

 Հայոց ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի «հոգեզավակ» Ադրբեջանը Հայկական հարցը վերջնականորեն լուծելու մոլուցքով Արցախի բնակչության դեմ ագրեսիա սանձազերծեց: Լայնամասշտաբ եւ անհավասար պատերազմում հայ ժողովուրդը վերահաստատեց իր ապրելու եւ ազատ արարելու իրավունքը: 1994 թ. մայիսին Ադրբեջանը զինադադար խնդրեց, որը հարաբերականորեն պահպանվում է մինչ օրս: Արցախի Հանրապետությունը լծվել է պետականաշինության ու բանակաշինության դժվարին գործընթացին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում