«Երազ իմ երկիր հայրենի»-ից մինչեւ «Գետաշեն». երգը զինվորի լավագույն ուղեկիցն է մարտի դաշտում
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բոլոր զորամասերում Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը` հունվարի 28-ին, կհնչեն բացառապես ռազմահայրենասիրական երգեր:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ոչ միայն յուրաքանչյուր պաշտպանական շրջան, այլեւ զորամաս ունենա իր երգը: Սեփական երգն ունեցող զորամասերի գերակշիռ մասը Հովաննիսյանի հավաստմամբ` անցել է որոշակի մարտական ուղի:
«Հունվարի 28-ին հանրապետության բոլոր զորամասերում առավոտյան եւ երեկոյան անվանականչի ընթացքում կհնչի Հայոց բանակի օրհներգը` «Երազ իմ երկիր հայրենի»-ին: Դա նվիրվում է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին»,- ասաց մամուլի քարտուղարը:
«Երազ իմ երկիր հայրենի»-ն սկզբունքային բանակի խորհրդանիշն է
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց բանակի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ «Երազ իմ երկիր հայրենի» -ն իր մեջ առաջացնում է ոչ թե վերամբարձ, այլ նուրբ հայրենասիրական զգացումներ:
«Մի անգամ ինձ մի զինվոր էր դիմել` ասելով, որ երբ երգում է այս երգը, այն օգնում է իրեն դիմակայել դժվարություններին, հավատալ»,- ասաց Ամիրխանյանը: Նրա խոսքով` իր համար լիարժեք երջանկությունը հենց այդ գնահատականն է, երբ ծառայության դժվարին պայմաններում էլ երգը ոգեւորում է զինվորներին:
«Երգը մարդու պես մի բան է, ծնվելիս չգիտի թե ճակատագիրն իրեն ուր կտանի: Երգի հեղինակն էլ չգիտի, թե իր ստեղծագործությունն արդյունքում ինչ կդառնա»,-նշեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստը: Նրա բնորոշմամբ` իր հեղինակած երգը երկրի հանդեպ հիացումի զգացողության արտացոլումն է:«Այն սկզբունքային բանակի խորհրդանիշն է: Ես երջանիկ եմ: Մնում է մտածել երկրի հիմներգի մասին»,- կատակեց Ամիրխանյանը:
Գուսան Հայկազունի երգերից տասն այսօր հնչում են հայկական բանակում`որպես քայլերգ
«Գետաշեն», «Հայեր, միացեք», «Արի, Զորավար», «Պարիր, արցախցի», «Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Հողը արյունով են պահում» , «Վեր կաց Շահեն» ռազմահայրենասիրական երգերը տարբեր տարիներին հեղինակել է գուսան Հայկազունը: Նրա երգերն առանձնակի սեր են վայելում համայն հայության շրջանում:
«Երգերի մեծ մասը գրել եմ հենց Արցախյան պատերազմին մասնակցելիս: Զգացել եմ, որ դրանք ոգեւորություն են առաջացնում եւ դրանց կարիքը կա»,- ասաց գուսան Հայկազունը` ընդգծելով, որ երգից միավորող ավելի հզոր բան չկա:
Գուսան Հայկազունը արցախյան պատերազմի մասնակից է, կռվել էԱրտաշատի երկրապահ ջոկատիկազմում: Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը մասնագիտությամբ ինժեներ-շինարարնակտիվ հետեւում էր իրադարձությունների զարգացմանը, մասնակցում ցույցերի, որոնց ընթացքում հաճախակի հնչող «Հայեր, միացեք» արտահայտությունը, որն էլ հիմք է դարձել նրա համանուն երգի համար: Վաղուց համազգային դարձած «Հայեր, միացեք» երգը Գուսանի հավաստմամբ` ծնվել է որպես միավորման կոչ ուղղված հայությանը:
Հետաքրքրական նախապատմություն ունի նաեւ գուսանի հեղինակած հանրահայտ «Գետաշեն» երգը:
«Պետք է Արտաշատի երկրապահ ջոկատով մեկնեինք Գետաշեն մեր հրամանատար Լաերտ Սաղաթելյանի ղեկավարությամբ: Նա նախապես ասել էր, որ ես չեմ մեկնելու ջոկատի հետ միասին, սակայն ես որոշեցի գաղտնի կերպով նստել ուղղաթիռ եւ մեկնել, նա իմացավ այդ մասին եւ իջեցրեց ինձ ուղղաթիռից` ասելով, որ ավելի լավ է մնամ եւ երգ գրեմ Գետաշենի մասին»,- պատմում է երգի հեղինակը: Չորս օր անց գուսան Հայկազունը մեկնում է Գետաշեն` սնունդ տեղափոխող ինքանթիռով եւ համանուն երգը արդեն գրած:
«1992 թվականին գրեցի «Հպարտ մնացեք» երգը` տեսնելով այն խուճապը, որը առաջացել էր բնակչության շրջանում, երբ մայրերը թաքցնում էին իրենց զավակներին` բանակ չուղարկելու համար: Մինչդեռ Խորհրդային Միության տարիներին քեֆ անելով էինք տղաներին ուղարկում Աֆղանստան»,- ասաց զրուցակիցս:Այսպես էլ ծնվում են արցախյան ազատամարտի ֆիդայիններին ուղղված «պատերազմ էք գնում, բարով գնացեք տողերը»:
Նրահամոզմամբ` երգը միշտ էլ ոգեւորելու է զինվորին` հնարավորություն ընձեռելով անգամ ամենածանր պահերինկռվի դաշտ գնալ հպարտության զգացումով:
Գուսան Հայկազունի կողմից ղեկավարած «Հայկազունք» համույթը այսօր ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլեւ նրա սահմաններից դուրս կատարում է իր հեղինակած երգերը: Նրա երգերից 10-ը պաշտոնապես ճանաչվել են որպես քայլերգ եւ հնչում են Հայկական բանակում:
ՀատուկզինվորականնվագախումբըՀայաստանի կարեւորագույն միջոցառումների մասնակիցն է
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախումբը հիմնվել է 1992 թվականի նոյեմբերին, Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանի կողմից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետի օգնական, ավագ լեյտենանտ Տիգրան Ասատրյանը նշեց, որ ռազմական նվագախումբը համագործակցում է մի շարք կառույցների` ներքին զորքերի, Պատվո պահակային վաշտի, քաղաքապետարանի նվագախմբերի, ինչպես նաեւ էստրադային, դասական երգարվեստի այլ ներկայացուցիչների հետ` կատարելով ոչ միայն զինվորական, այլեւ այլ տարբեր ժանրերի ստեղծագործություններ:
Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի ընթացքում հունվարի 28-ին նվագախմբի կողմից կհնչի նաեւ գնդապետ Արմեն Պողոսյանի հեղինակած «Պատիվ ունեմ» երգը: Ավագ լեյտենենտը նշեց, որ այսօր նվագախումը ատիվորեն մասնակցում է մեր երկրի կարեւորագույն, պետական, միջպետական միջոցառումներին:
Զինվորական նվագախումը մասնակցում է նաեւ միջազգային փառատոնների: 2010 թվականին այն հաղթել է Շվեդիայի Էկշիո քաղաքում կայացած միջազգային զինվորական նվագախմբի փառատոնում:
Հատուկ նշանակության երգերը պետք է հնչեն միայն խաղաղ երկնքի տակ
Օդաչուների, տանկիստների, նորակոչիկների մասին «Քայլ առաջ», «Մի նամակ», «Մենք ենք, մեր զենքը», «Ծառայելու եմ ես», «Գնա ու կռվիր» երգերը ՀՀ ազգային բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ 2007 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերության կազմակերպած «Հատուկ նշանակության երգեր» խորագրով համերգ մյուզիքլի 15 թեմատիկ երգերից էին, որոնք ամփոփվեցին նաեւ ձայնասկավառակում եւ DVD-ում:
«Արվեստն էլ մեր զենքն է, եւ մենք մեր զենքով փորձում ենք զորակցել հանուն խաչի մարտնչող մեր մեր բանակին: Թող այս երգերը երբեք չկորցնեն իրենց նշանակությունն ու կատարվելով իրենց առջեւ դրված հատուկ առաջադրանքը` հնչեն միայն խաղաղ երկնքի տակ»,- նախագիծը ստեղծելիս գրել է «Շարմ»-ը:
Նույն թվականին ընկերությունը հայկական էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանել է «Մեր անունն է հայկական բանակ» համանուն երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն էր, խոսքերինը`Հակոբ Ռուբինյանը:
«Հատուկ նշանակության երգեր» նախագիծը արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակ»-ին , ինչպես նաեւ ստացել է հատուկ պարգեւ Armenia Music Awards-ի «Լավագույն հայրենասիրական նախագիծ» անվանակարգում:
«Շարմ Հոլդինգ» ընկերությունը առաջիկայում եւս չի բացառում հիթային նոր երգերի եւ նման խոշոր նախագծերի իրականացումը: