Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետը Վրաստանում ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված կարծիքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը Վրաստանում ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված կարծիքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի, Օսիայի և Աբխազիայի հիմնախնդիրների միջև հավասարության նշան է դրված Վրաստանում՝ Բաքվի քարոզչության շնորհիվ: Այդ մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ Իլյա Երկրորդ պատրիարքի հայտնի հայտարարությունների շուրջ քննարկումների ժամանակ: Քաղաքագետը կարևորեց Վրաստանում այդ խնդիրների միասնական ընկալումը փոխելու հարցում հայկական կողմի ակտիվ քայլերի նշանակությունը: «Մենք պետք է պաշտոնական դիվանագիտական և քարոզչական միջոցներով տարանջատենք այդ խնդիրները միմյանցից՝ հեշտացնելով վրացիների գործը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մանասյանը:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ կեղծիքի և ապատեղեկատվության քաղաքական ուղեգիծը Բաքվի կողմից որդեգրված է դեռ տասնամյակներ առաջ: Քաղաքագետն Իլյա Երկրորդի արտահայտությունների հետ կապված երեք տարբերակ առաջարկեց՝ դրանցից ամենահավանականը համարելով վրաց պատրիարքի կողմից ոչինչ չասած լինելը կամ ինչ-որ հեռավոր բան ասած լինելը, որն աղավաղվել է Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանը նպատակ է ունեցել անհարմար կացության մեջ դնել Վրաստանին՝ փչացնելով հայ- վրացական հարաբերությունները»,- նշեց քաղաքագետը: Մանասյանն ամենամեծ խնդիրը Ադրբեջանի կողմից որդեգրված կեղծիքի և ապատեղեկատվության քաղաքականությունը համարեց:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չբացառեց Իլյա Երկրորդի կողմից հակահայկական արտահայտությունների ուղղակի տեքստով ասած լինելը: Հուշարձանագետի կարծիքով՝ Արցախի խնդրի շուրջ Պատրիարքի և վրաց հասարակության գերակշիռ մասի պատկերացումները համընկնում են: «Սա իշխող տեսակետ է Վրաստանում»,- նշեց Կարապետյանը:

Ադրբեջանը, սովորության համաձայն, խեղաթյուրել էր վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կողմից Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը արված հայտարարությունը: Ադրբեջանական քարոզչամեքենան տարածել էր, թե իբր պատրիարքը Արցախը Ադրբեջանի մաս է համարել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում