Փաստ մեկնաբանությամբ

Փորձագետները ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում են կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Փորձագետները ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում են կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբալային ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման դադարեցումը վկայեց, որ Ադրբեջանը ամեն պահ կարող է հարվածել Ռուսաստանի թիկունքին: Այդ մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գեւորգ Մելքոնյանը: «Ռուսաստանը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մելքոնյանը:

Մելքոնյանի խոսքով՝ Ադրբեջանը հարվածում է Ռուսաստանի թիկունքին՝ հնարավորություն չտալով հարավային սահմանի պաշտպանական գոտին ամրապնդելու և իր վերահսկողության տակ պահելու: «Այս պարագայում Հայաստանի դերը տարածաշրջանում Ռուսաստանի համար մի քանի անգամ բարձրանում է», -ասաց Մելքոնյանը:

Պատմաբանը նշեց, որ Ադբեջանում լուրջ խուճապ կա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հետ կապված: Բոլոր մակարդակներով փորձում են սիրաշահել Ռուսաստանին: «Մնացել է, որ Ալիևը հայտարարի, որ սա չի ազդելու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»,- ընդգծեց Մելքոնյանը՝ հավելելով, որ կտուժեն նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունները: Նրա կարծիքով՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաները կարդիականացվեն:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ՝ Գաբալայի հետ կապված դեպքը մոտ ապագայում բացասաբար կազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանին զրկել է լուրջ լծակից: «Կայանը թույլ էր տալիս նույնիսկ Հնդկական օվկիանոսում հսկել օդային տարածությունը»,- ընդծեց Շաքարյանցը:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես հրաժարվել է Գաբալայի ՌՏԿ-ի շահագործումից: Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ տարաձայնությունները սկսեցին 2012 թվականի փետրվարին, երբ Ադրբեջանը կտրուկ բարձրացրեց Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության տարեկան վարձը՝ 7 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 300 մլն ԱՄՆ դոլարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում