Փաստ մեկնաբանությամբ

Գաբալայի շահագործման դադարեցումը կարող է հանգեցնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

3 րոպեի ընթերցում

Գաբալայի շահագործման դադարեցումը կարող է հանգեցնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմականորեն Ռուսաստանին դուրս մղելով Ադրբեջանի տարածքից լուրջ խնդիրներ կառաջանան ռուս-ադրբեջանական հարաբերություններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման դադարեցման հնարավոր հետևանքներին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Հատկապես եթե հաշվի առնենք, որ Գաբալայի ռադիոտեղորշիչ կայանն օգտագործելու համար Ռուսաստանը ժամանակին բավական լուրջ զիջումների է գնացել՝ Ադրբեջանին զիջելով Սամուր գետի ափին գտնվող մի շարք բնակավայրեր, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո վիճահարույց կարգավիճակ ունեին»,- ասաց Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ռազմական համագործակցության համատեքստում ընտրելով արևմտյան ուղղություն` Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ, ինչը աշխարհաքաղաքական առումով բավական շահեկան իրավիճակում է թողնում Հայաստանին: «Մեր դաշնակցի և թշնամու ռազմական համագործակցությունը բավական կսահմանափակվի: Կարծում եմ` նրանք նոր խնդիրների առջև կկանգնեն»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը կարող է Ադրբեջանին զրկել հետագայում Ռուսաստանից էժան զենք-զինամթերք ձեռք բերելու հեռանկարից:

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Հայաստանում ռադիոտեղորշիչ կայան բացելու հեռանկարներ չկան, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է Գաբալայի կայանը փոխարինել ռուսական Արմավիր քաղաքում կառուցվող նոր ռադիոտեղորոշիչ կայանով, «որը շատ ավելի մոդեռն է և վերահսկում է նույն տարածքները, ինչ Գաբալան»:

Անդրադառնալով Ռուսաստանին Գաբալայի կայանից դուրս մղելու քայլի և Իրանի դեմ Արևմուտքի հնարավոր ագրեսիայի միջև առկա հնարավոր կապին՝ քաղաքագետը նշեց, որ ներկայումս Իրանի դեմ ռազմական գործողություններ չեն ծրագրվում և բոլոր սցենարները քննարկվում են զուտ որպես հնարավոր տարբերակներ: Միացյալ Նահանգները և Թուրքիան չեն ցանկանում Ադրբեջանի տարածքում տեսնել այլ պետությունների ռազմական ներկայություն: «Այդ առում Ռուսաստանին դուրս մղելը շահեկան դիրք է ապահովում նրանց համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը դեկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը:Ադրբեջանը մինչ այդ բազմիցս բարձրաձայնել էր կայանի շահագործման համար Ռուսաստանից ստացվող գումարն ավելացնելու մասին, որի մտադրությունը Ռուսաստանը չի ունեցել. Ադրբեջանն անուղղակիորեն կայանի շահագործումն աննպատակահարմար է դարձրել ռուսական կողմի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում