Փաստ մեկնաբանությամբ

Էրզրումում ինքնաթիռի վերազննումը թատերական ներկայացման էր նման. Վահան Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Էրզրումում ինքնաթիռի վերազննումը թատերական ներկայացման էր նման. Վահան Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը Էրզրումում վերազննման է ենթարկվել շուրջ 6 ժամ, զննել են ձեռքերով, շներով: «Մի տեսակ ուժի ցուցադրություն կար, որը թատերական ներկայացման էր նման, սակայն հումանիտար բեռը Սիրիա է հասել ըստ հավուր պատշաճի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հոկտեմբերի 16-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

««Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը լուրջ հաջողություն ունեցավ: Բավականին երկար տևեցին բանակցությունները բոլոր երկրների հետ, սակայն ամեն ինչ կարգին է, ինքնաթիռը բեռնաթափվել է և վերադարձել»,-հայտնեց Վահան Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածության և հաստատված թռիչքային պլանի համաձայն` ինքնաթիռն Էրզրումում տեխնիկական վայրէջք է կատարել, «ոչ մի հարկադիր գործողություն չի եղել»:

Խոսելով «Օգնիր եղբորդ» նախաձեռնության տրամադրած գումարի և պարենամթերքի մասին` «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ սիրիահայերին որպես օժանդակություն ուղղվել է 30 մլն դրամ, ինչպես նաև 40 տոննա պարենամթերք, որը գումարի տեսքով կազմում է շուրջ 50 մլն դրամ:

«Տասնյակ համաքաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, խմբակցություններ, գործարարներ են արձագանքել սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու մեր կոչին: «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը տրամադրել է բեռների փաթեթավորման արկղերը: Այս գործում մեծագույն ներդրում ունի երիտասարդությունը, որը ջանք չի խնայել այդ ամբողջ բեռը փաթեթավորելու և տեղադրելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գալստյանը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության կազմակերպած հումանիտար օգնությամբ լի ինքնաթիռը հոկտեմբերի 15-ին բարեհաջող վայրէջք կատարեց Սիրիայում, որտեղ օգնությունը կբաժանվի Հայ եկեղեցու և «Կարմիր մահիկ» միջազգային կազմակերպության միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում