Մշակույթ

«Կինոաշուն–2012»-ը մեկնարկել է արխիվային հազվագյուտ փաստագրական կադրերի ներկայացմամբ

2 րոպեի ընթերցում

 «Կինոաշուն–2012»-ը մեկնարկել է արխիվային հազվագյուտ փաստագրական կադրերի ներկայացմամբ

ԱՐՄԱՎԻՐ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշնանային կինոտոնը` «Կինոաշուն -2012»-ը, հայկական կինոֆոնդի ամբողջական գունապնակով սեպտեմբերի 28-ից մեկնարկեց Արմավիրի մարզից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`ավանդական դարձած «Կինոաշուն–2012»-ն արմավիրցիները դիմավորել են ազգագրական երգ ու պարով, կրկեսային հետաքրքիր համարների կատարումներով: «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիվում է հայկական կինոյի մեծ երախտավորի` Համո Բեկնազարյանի 120-ամյակին, եւ ի պատիվ վարպետի կինոտոնը սկսվել է նրա «Պեպո» ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնն արմավիրցներին մատուցել է նաեւ կինոանակնկալ` ներկայացնելով նրանց արխիվային հազվագյուտ փաստագրական կադրեր Սարդարապատի հուշահամալիրի եւ հայկական ատոմակայանի կառուցման մասին:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը համոզված է, որ ծրագրի մեկնարկը մարզերից պատահական չէ: Այն միտված է յուրաքանչյուր մարզում գոնե մեկ կինոակումբ կամ փոքրիկ կինոթատրոն ստեղծելուն` ծրագրի ավարտից հետո: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող այս մարզի բնակչության համար «Կինոաշունը» դարձավ իսկական տոն, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի հիմնադիր Գևորգ Գեւորգյանի առաջարկով խոստացավ Արմավիրում ստեղծել կինոթատրոն: Մարզպետը համոզված է, որ ցանկացած շփում մշակույթի հետ ազնվացնում եւ բարիացնում է մարդու, իսկ ազգային արժեքների հետ շփումը կրթում է սերունդներին: Կինոաշնան բացման արարողությանը ներկա են եղել անվանի դերասաններ եւ ռեժիսորներ, կինոոլորտի հայտնի գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում