Փաստ մեկնաբանությամբ

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանի հետ պայքարում հաղթելու հույսը կապում է հենց ադրբեջանական ցինիզմի հետ

4 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանի հետ պայքարում հաղթելու հույսը կապում է հենց ադրբեջանական ցինիզմի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Հունգարիայի քաղաքական դաշտի զարգացումները ցույց էին տալիս, որ այն հետընթաց է ապրում: Ստեղծված իրավիճակում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային պետք է սթափ վերաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կոչ արեց ոչ թե իրավիճակային պատճառներով կատարել գործողությունները, այլ ունենալ հստակ մշակված ծրագիր:

«Պետք է հասկանալ` արդյոք հայկական կողմը չունի նոր պարտավորություններ` կանգնեցնելու այս կացնային քաղաքականությունը, այս քսենոֆոբիայի, ռասիստական քաղաքականության խթանումներին արդյոք չպետք է արձագանքել եւ խոչընդոտներ ստեղծել այս ուժերի առջեւ: Հայկական կողմին հասցված է վիրավորանք առնվազն Հունգարիայի կողմից»,- նշեց Ալավերդյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ Հունգարիան կամուրջ է դիտարկվում ԵՄ-ում մեր ինտեգրման ճանապարհին:

Բանախոսը հույսն «Ադրբեջանի հետ է կապում»: «Այն աստիճան ցինիզմը, որ դրսեւորում են ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, մշտապես եղել է առաջին քայլը, որի շնորհիվ մենք կարողացել ենք հաղթող դուրս գալ: Պատահական չէ, որ անմիջապես ներման որոշումից առաջինը սթափության, քայլի իրավաբանական հետեւանքները հիշեցնող ձայնը հնչել է հենց Ադրբեջանում»,- նշեց Ալավերդյանը: Նրա համոզմամբ` Ադրբեջանն այսօր տոնում է իրավիճակային հաղթանակ, բայց կյանքը մեկ օրով չէ:

Իրավաբան Տիգրան Նահապետյանը նշեց, որ ներկայում դեռեւս որեւէ կոնկրետ դատական ատյան դիմելու մասին հնարավոր չէ խոսել: «Այս հարթության մեջ միջպետական գործեր քննող որեւէ ատյան դիմել կարելի է միայն երկու կողմերի համաձայնությամբ: Ես, սակայն, կասկածում եմ, որ Ադրբեջանը դրան համաձայն կլինի»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքով` կան տեսական հնարավորություններ, դրանց մասին դեռ խոսելը վաղ է, սակայն քայլեր արվում են: Ներկա շրջանում իրավաբանը կարեւորեց կատարվածը դատապարտող քաղաքական բանաձեւերի ընդունումը, որոնք իրավական ուժ չեն կարող ունենալ, սակայն անհրաժեշտ են:

Ալավերդյանն իր հերթին հիշեցրեց, որ ազատված ոճրագործն ազատության մեջ կարող է կրկնել իր հանցագործությունը: Բանախոսի համոզմամբ` Սաֆարովը վտանգ է ներկայացնում նաեւ մարդասպանի կացնից փրկված հայ սպայի` Հայկ Մակուչյանի համար: Նա վտանգում է անձամբ այդ սպայի կյանքի իրավունքին: Ալավերդյանի կարծիքով` մենք չենք կարող պնդել, որ կատարվածը գագաթնակետն է ադրբեջանական քաղաքականության: Այսուհետ մենք պարտավոր ենք ավելի հմուտ լինել, քան մեր հարեւանը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին` Բուդապեշտում, քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան, որտեղ ոճրագործն իր պատիժն էր կրում, արտահանձնել է Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Այդ մասին տեղեկացվել է նաեւ Հունգարիայի ԱԳՆ-ն: Արդեն իսկ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ, քաղաքական ուժեր եւ գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում