Փաստ մեկնաբանությամբ

Ցեղասպանության վերապրողի պատմություն. վավերագրի հետքերով

5 րոպեի ընթերցում

Ցեղասպանության վերապրողի պատմություն. վավերագրի հետքերով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելու առաջին տարիներից սկսած` թաքուն ցանկություն ունեի գրել Ցեղասպանությանը զոհ դարձած եւ փրկված նախնիների պատմության մասին: Ամեն անգամ Ցեղասպանության տարելիցի նախօրեին` մի քանի տող էլեկտրոնային թղթին հանձնելուց հետո հասկանում էի, որ չնայած ձեռքիս տակ ունեցած կարեւոր փաստերին, դեռ որպես մարդ եւ առավել եւս որպես լրագրող բավականաչափ չեմ հասունացել թեմային անդրադառնալու համար: Այս տարին եւս բացառություն չէր, մի տարբերությամբ, որ գրվածը հապճեպ համակարգչից ջնջելու փոխարեն համարձակություն գտա այն հանձնելու «Արմենպրես»-ի ընթերցողների դատին: Ցեղասպանությունը չի սահմանափակվում միայն 1915 թվականով: Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականություն չի խնայել նաեւ Անդրկովկասի բնակիչներին, որոնք 1918 թվականին ենթարկվելով թուրքական արշավանքներին, իրենց եւս համարում էին 1915-ի ցեղասպանության զոհ, ինչը փաստորեն Հայոց ցեղասպանության օր•անական շարունակությունն էր:

«Դաշտային Ղարաբաղից Հովհաննես Քոչարյանի ընտանիքի փոքր տղան` Մելիքը, ով այն ժամանակ մոտ 5 տարեկան էր, ականատես է դառնում, թե ինչպես թուրքերն իր աչքի առաջ սպանում են ընտանիքի բոլոր անդամներին: Կույր պապի օգնությամբ նա կարողանում է փախչել մոտակա անտառ` անցնելով Ալազան գետը, եւ այլ մանուկների հետ հայտնվում է Լենինականի ամերիկյան որբանոցում»,- գրված է տատիկիս` Լիլիա Ատթարյանի 2006 թվականի ռուսալեզու աշխատությունում: Տատիկս բնագիտական կրթություն ունենալով հանդերձ` գրելու մեծ ստեղծագործական ձիրք ուներ եւ համոզված էր, որ որպես հայ կայացման ճանապարհն առաջին հերթին սկսվում է սեփական նախնիների պատմությունը ճանաչելուց: Նրա պատ•ամին հետեւելով` ներկայացնում եմ մանկուց ինձ հայտնի պատմությունը, այս անգամ լրագրողական դիտակետից որպես տեղեկատվական եւ փաստացի աղբյուր օգտվելով նրա` ինձ ժառանգած արժեքավոր աշխատությունից:

Վերադառնալով 1918 թվական..

Չհիշելով ոչ իր ազգանունը, ոչ ծննդյան հստակ թիվը` մանկատան բուժ աշխատողները մոտավոր են որոշել նախապապիս տարիքը` տալով ամերիկյան հավաստագիր եւ նոր ծննդյան վկայական, որտեղ որպես ծննդյան տարեթիվ նշված էր 1910 թվականը (ամերիկյան նպաստամատույցի կողմից 1926 թվականին տրամադրված փաստաթուղթը` նկարում):

«Իր ազգանվան մասին հարցին ի պատասխան հայրս նշել է հոր անունը` Հովհաննես, ավելի ուշ երբ իրեն գտնում է հորեղբայրը, ով այդ ժամանակ բնակվում էր Նուխի քաղաքում, պարզվում է, որ հորս իրական ազգանունը Քոչարյան է, սակայն ինքն այդպես էլ չի փոխում այն»,-շարունակում է տատիկս:

Մինչեւ կյանքի վերջ պատմության հերոսը չի իմանում իր ծննդյան հստակ տարեթվի մասին, սակայն հետագայում ճակատագիրը, ինչպես ասում են ավելի բարեհամբույր է գտնվում նրա հանդեպ: Նա ուսում է ստանում Թիֆլիսում, տարբեր տարիների կտրվածքով զբաղեցնեում մի շարք հասարակական-քաղաքական` սկսած ոստիկանությանը առնթեր փողային գործիչքների երգչախմբում`երաժիշտից, ավարտված Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը, ուր առ այսօր նրա հիշատակին են նվիրվում տարատեսակ սպորտային եւ մշակութային միջոցառումներ: Նա տատիկիս գրառումների համաձայն մինչ կյանքի վերջ չկորցրեց կապը մանկատան ընկերների հետ:

Հակված չլինելով «թուրք» բառի տակ միայն բացասական բնորոշումներ փնտրելով` արմատներիս` ցեղասպանությունը վերապրածներին անդրադառնալիս, նույն աշխատության մեջ հանդիպում եմ նախատատիս` Գայանե Դիաթյանի (1911-2004) ընտանիքի պատմությանը, ով չնայած Կարսից` գաղթի ճամփան բռնելիս 4 տարեկան էր, բայց լավ հիշում էր թե ինչպես է թուրք զինվորը ընտանիքի անդամներին սպանելու հրամանը կատարելու փոխարեն` խղճահավելով ճակատագրական փամփուշտները օդ արձակել.. Նա սովորաբար այդ մասին պատմում էր կիսաթաց աչքերով:

Ապրիլի 16-ին ԵՊԼՀ-ում Հայոց ցեղասպանության 90 ամյակին նվիրված «Ադանա» հանրահայտ երգի խոսքերի հեղինակ Դանիել Դեքերի հետ հանդիպման ընթացքում` տեսնելով երաժիշտի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու մեծ ձգտումը, համոզվեցի, որ եթե օտարերկրացին` տվյալ դեպքում ամերիկացին է բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին, ապա մեզանից շատերը` ունենալով սեփական նախնիների օրինակը, ինչո՞ւ պետք է լռի:

Երկու պատմություններն էլ դասվում են այն հարյուր հազարավոր «փոխված» ճակատագրերի մասին պատմությունների շարքին, որոնք ապացուցում են անհերքելի ճշմարտությունը, որ մեր` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը ավելի քան արդար է, ավելի քան հիմնավորված:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում