ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին այն եզակի ճարտարապետական գլուխգործոցներից է, որը թերևս իր դիրքի շնորհիվ կարողացել է պահպանվել քոչվոր թուրքի բարբարոսություններից: «Արմենպրես»-ի թղթակիցը Արևմտյան Հայաստան կատարած այցելության ժամանակ եղել է Աղթամար կղզում, հայ Բագրատունյաց Գագիկ Արծրունի թագավորի օրոք 10-րդ դարում կառուցված Սբ Խաչումև կիսվել իր տպավորություններով:
«Երբ առաջին անգամ երևում է Վանա լճի կապույտ եզերքը, կարծես նոր ես սկսում գիտակցել, թե ինչ ես կորցրել: Միաժամանակ տարբեր զգացումներ են կուտակվում հոգում, որոնք սկսում են խեղդել քեզ ներսից` հիացմունք, ցավ, ափսոսանք… Թեպետ ճանապարհը դեպի Վանա լիճ շատ երկար էր, սակայն այն տեսնելուց հետո հասկանում ես, որ արժեր կտրել հազարավոր կիլոմետրեր «Կապույտ երազանքին» հասնելու համար:
Հայացքդ ակամայից գամվում է լճի կապուտակ ջրերին, և թվում է` կապույտ եզերքից այն կողմ այլ աշխարհ գոյություն չունի: Քիչ հետո հեռվում սկսվում է նշմարվել լճի ամենամեծ կղզին` Աղթամարը: Թուրքական սովորության համաձայն աստեղ էլ տեղադրված էր թուրքական դրոշը` կարծես սթափեցնելով, որ Թուրքիայում ենք:
Աննկարագրելի ապրումներ ես ունենում, երբ հեռվում տեսնում ես հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որն իր բարձունքից ողջունում է քեզ` գմբեթին տեղադրված խաչով բարձրաձայնելով, որ ինքն էլ է հայ:
Երբ իջնում ես կղզի, ոտքերդ ակամայից քեզ տանում են եկեղեցու մոտ` Արևմտյան Հայաստանում այն միակի եկեղեցու, որտեղ թուրքական կառավարությունը, անսալով միջազգային հանրության պահանջներին, թույլատրել է տարին մեկ անգամ առաքելական եկեղեցու կանոնակարգով Սուրբ Խաչի տոնին պատարագ անցկացնել: Երբ մոտենում ես եկեղեցուն, ապշում ես Մանվել ճարտարապետի արարած որմնաքանդակների շքեղությամբ:
Այսպիսին է միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը մնում է որպես լուռ վկա հայ ժողովրդի պատմական անցյալի։ Սակայն եկեղեցու ներքին տեսքն իր հարուստ որմնանկարներով ամենևին էլ չէր զիջում արտաքինին: Ցավալի էր միայն, որ ներսում հանդիպեցինք ոչ թե հոգևորականի, այլ մի թուրք ոստիկանի, ով այնպես էր հսկում եկեղեցին ասես այն պարզապես թանգարան լիներ:
Երբ ձեռքերդ պարզում ես դեպի վեր և քո աղոթքն ես հղում առ Աստված, նողկալի է տեսնել, թե ինչպես քո կողքին կանգնած թուրքերն ու քրդերը սկսում են ծիծաղել և ծաղրել քեզ, քո քրիստոնեական հավատը, քո առաքելական Սուրբ Խաչ եկեղեցին: Այդ պահին խղճահարություն ես ապրում նրանց նկատմամբ և հասկանում, որ հազար տարում մարդասպան դարձած մարդակերը «ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար, ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»…
Սակայն թուրք մարդասպանի նկատմամբ զայրույթի մասին անմիջապես մոռանում ես, երբ իջնում ես լճի կապուտակ ջրերի մոտ, որը կտրում է քեզ իրականությունից և տանում մեկ այլ աշխարհ, որտեղ չկա մարդկային չարությունն ու անգթությունը:
Բնության այս հրաշքի գիտակցումն է թերևս այն պատճառը, որ թուրքական տարբեր քաղաքներում գտնվող հյուրանոցների ընդունարաններում տեղադրված էին Վանա լճի և նրա եկեղեցու պատկերները: Հերթական անգամ թուրքերը օտարերկրա զբոսաշրջիկներին հենց հայկական հուշարձանների միջոցով էին փորձում գրավել և բերել Թուրքիա: Եվ այս ամենը տեսնելուց հետո հարց է առաջանում` որտեղ են դարավոր պատմություն ունենալու վերաբերյալ ձեր հայտարարությունների ապացույցները: Եվ եթե իրոք բնկի ժողովուրդ եք, ինչպես բազմիցս եք հայտարարել, ապա ինչու այդ հողերի վրա ոտք դրած մարդն ամեն քայլափոխի բախվում է միայն հայկական հուշարձանների:
Երբ կղզուց հեռանալու համար նստեցինք նավը, այնպիսի զգացողություն էր, թե քեզ բաժանում են քո հարազատից: Որքան նավը հեռանում էր ափից, այնքան ավելի էր մեծանում գիտակցումը նրա, որ կղզում քո մի մասնիկն ես թողնում, և այդ ժամանակ միայն սկսում ես իրականում գիտակցել կորստի ցավը:
Աստիճանաբար կղզին իր հպարտ ու կանգուն եկեղեցիով մնում էր հեռվում` ասես աղաղակելով ու բողոքելով, որ մենք կրկին նրան մենակ թողեցինք:Ինչքան դժվար է բաժանվել քեզնից` իմ կապույտ երազանք, իմ Վանա լիճ, իմ պապերի հայրենիք: Գիտեմ, որ հիմա դու էլ ես տխուր, բայց խոստանում եմ կրկին վերադառնալ: Ես քեզ երբեք մենակ չեմ թողնի, սպասի’ր ինձ, ես դեռ հետ եմ գալու…»:
Ճանապարհորդեց Արաքս Կասյանը