Երեւանում Պեյո Յավորովի անվան դպրոցը բուլղարական տարազներ կստանա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի երգի եւ պարի խմբերը բուլղարական տարազներ կստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 14-ինլրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը: Նրա խոսքով` այդ դպրոցում, որը կրում է բուլղար բանաստեղծի անունը, բարձր մակարդակի վրա է գտնվում բուլղարական մշակույթի հանրահռչակումը, սակայն վերջիններս չունեն համապատասխան հագուստներ: «Այդ իսկ պատճառով ես խոստանում եմ Բուլղարիա մեկնելուն պես լուծել այս հարցը»,- ասաց մշակույթի նախարարը` հավելելով, որ ինքը դպրոց կայցելի վաղը` հունիսի 15-ին: Նախարարը նաեւ խոստացավ, որ կուղարկի Բուլղարիայի մշակույթի, ավանդույթների մասին համապատասխան գրականություն, որպեսզի հետաքրքրվողները ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: