Փաստ մեկնաբանությամբ

Էդգար Հովհաննիսյանը պատերազմի վերսկսումը հավանական չի համարում

2 րոպեի ընթերցում

Էդգար Հովհաննիսյանը պատերազմի վերսկսումը հավանական չի համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը խնդիրներ ունի իր բոլոր հարեւանների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ սրված են այդ երկրի հարաբերությունները Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: «Ադրբեջանի ողջ քաղաքականությունը նավթոտ է, հարաբերություններն էլ են նավթոտ: Դրա միջոցով է նա փորձում նաեւ զիջումներ ստանալ Արեւմուտքից»,- ասաց Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ` հարեւան երկիրը միջազգային հանրությանն ուզում է ցույց տալ` իբր տիրապետում է իրավիճակին, եւ տարածաշրջանի անվտանգության ապահովումն իր ձեռքում է:

Իրեն վաճառելով Արեւմուտքին` Բաքուն ցանկանում է ստանալ զիջումներ, այն է` աչք փակել «ժառանգության» խնդրի վրա. գործող նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում իշխանությունը փոխանցել կնոջը կամ գնալ երրորդ ժամկետի: Երկուսն էլ ժողովրդավարական նորմերի խախտում են: Ընդհանուր առմամբ` Ալիեւը նպատակ ունի Հեյդարիկին` կրտսեր որդուն, հասցնել չափահասության եւ իշխանությունը սկուտեղի վրա մատուցել վերջինիս:

Հակառակ վերջին դիվերսիոն գործողություններին` պատերազմի վերսկսումը Հովհաննիսյանը հավանական չի համարում: «Շատ դժվար է պատերազմ սկսել մի բանի համար, ինչը քոնը չէ, այսինքն` գիտակցաբար քոնը չէ: Պատերազմի վերսկսման ռեալ պայմաններ չկան ռազմական հնարավորությունների, աշխարհաքաղաքական տեսանկյունից»,- ասաց բանախոսը: Միջազգային հանրության արձագանքը, Հովհաննիսյանի համոզմամբ, հստակ չէր. հայտարարությունները պետք է հասցեատերեր ունենային:

Հայկական կողմը ստեղծված դրությանը կարող է հակադարձել երեք գործոններով` մարտունակ բանակ, որն իր առջեւ դրված խնդիրը հստակ գիտի, արտաքին ճիշտքաղաքականության իրականացում, ժողովրդավարական արժեքների գերակայություն` աշխարհի համար ավելի ընկալելի դառնալու համար: Բանախոսի համոզմամբ` այս գործոնների առկայությունը Լեռնային Ղարաբաղը բազմիցս ապացուցել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում