Մշակույթ

«Ես եմ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին Սոս Սարգսյանը հաճույքով է մասնակցել

3 րոպեի ընթերցում

«Ես եմ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին Սոս Սարգսյանը հաճույքով է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո «Գոյակ» մշակութային կենտրոնի եւ «32» փրոդաքշնի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված «Ես եմ» նոր գեղարվեստական ֆիլմը հունվարի 7 –ից մեծ էկրանին է: Ֆիմը նվիրված է Հայոց բանակի 20-ամյակին:

«Սովորաբար նման որակի ֆիլմերի նկարահանման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, սակայն գաղափարը ահռելի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել երեք ամսում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի համապրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը: Նրա խոսքով` ֆիլմը հայ ժամանակակից կինոարտադրության մեջ կտարբերվի առաջին հերթին անկեղծությամբ, ստեղծագործական խմբի առանձնակի վերաբերմունքով եւ դրական էմոցիաներով: Բաբաջանյանը պատմեց, որ «Ես եմ»-ի վերաբերյալ իրարամերժ կարծիքներ են հնչում. ոմանք գնահատում են անկեղծությունը, ոմանք նշում են, որ ֆիլմը հեռու է իրական կյանքից:

«Իրականում չեմ հասկանում նրանց, ովքեր նման կարծիքներ են հնչեցնում, որովհետեւ արվեստը մեկ քայլ առաջ պետք է լինի իրականությունից, միշտ չէ որ իրականությունը արվեստ է»,- պարզաբանեց համապրոդյուսերը: «Ես եմ» ֆիլմի առանցքային կերպարըմարմնավորում է ՀՀ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը, ով, Բաբաջանյանի հավաստմամբ, ֆիլմի սցենարին ծանոթանալուց հետո մեծ հաճույքով է համաձայնել մասնակցել նկարահանումներին:

«Մենք շատ շնորհակալ ենք նրան իր մասնակցության համար: Նա հաճույքով մասնակցեց ֆիլմի նկարահանումներին` ասելով, որ կարոտել էր բուն նկարահանման պրոցեսին»,- նշեց Բաբաջանյանը:

Ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Ադրբեջանին սահմանամերձ գյուղի տարածքում: Ֆիլմում նկարահանվել են Լեւս Դավթյանը, Եվա Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Գնել Ուլիխանյանը, այլք:

Կարեն Բաբաջանյանի հեղինակած երաժշտության հիման վրա նկարահանվել է ֆիլմի տեսահոլովակը: Ֆիլմի ռեժիսորն է Վահագն Գրիգորյանն է:

«Նման ձեւաչափի ֆիլմերը ճիշտ է դիտել մեծ էկրանից, այլապես գեղարվեստական ազդեցությունը այն չի լինի»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Չնայած նրան, որ «Ես եմ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, այն հունվարի 11-ից կցուցադրվի միայն «Նաիրի» կինոթատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում