Կնեսետի հանձնաժողովը կշարունակի քննարկումները Հայոց ցեղասպության ճանաչման հարցի վերաբերյալ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովը կշարունակի քննարկումները Հայոց ցեղասպության ճանաչման հարցի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Izrus-ը, հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլերը հայտարարել է, որ հանձնաժողովը կրկին կհավաքվի` քննարկելու այդ «հույժ կարեւոր հարցը»:
Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովում դեկտեմբերի 26-ին առաջին անգամ բաց քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ: Կնեսետի մի քանի անդամներ աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը, ընդգծել «ցեղասպանություն ապրած հրեա ժողովրդի կողմից» ճանաչման անհրաժեշտությունը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վատթարացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ փխրուն են եւ զգայուն: Մենք չենք կարող գիծն անցնել, պետք է հարցին խելամտորեն մոտենալ: Նման որոշումը ռազմավարական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ»,- քննարկման ժամանակ ասել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, քննարկումների ընթացքում Կնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը («Լիկուդ» կուսակցություն) նշել էր, որ չպետք է մոռացության մատնել պատմական փաստերը, քանի որ չի կարելի վիճարկել 96 տարի առաջ տեղի ունեցած հայ ժողովորդի զանգվածային սպանդի փաստը:
Քննարկման նախաձեռնող «Մեերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալոնը հայտարարել էր, որ դպրոցներում պետք է դասավանդել Հայոց ցեղասպանությունը, եւ հրեա ժողովուրդը պետք է առաջինը ճանաչի անցյալի ողբերգությունները:
«Ազգային միություն» խմբակցության պատգամավոր Արիյե Էլդադը տարօրինակ էր համարել, որ նախկինում Հայոց ցեղասպանությունը չէր ճանաչվում Թուրքիայի հետ լավ, իսկ այժմ` վատ հարաբերությունների պատճառով: «Մենք չենք կարող ջնջել պատմության այդ գլուխը: Մենք չենք կարող անտեսել այս խնդիրը միայն մեր շահերի համար»,-ասել է նա:
Ի դեպ, Կնեսետի հեռուստաալիքը ուղիղ հեռարձակել է քննարկումը: