Քաղաքականություն

Մինսկի խումբն առաջին գծում միջադեպերի հետաքննությունն անհրաժեշտություն է համարում

3 րոպեի ընթերցում

Մինսկի խումբն առաջին գծում միջադեպերի հետաքննությունն անհրաժեշտություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 28-30-ը այցելել են Երեւան եւ Բաքու, որից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամլո ծառայությունից, համանախագահներին ուղեկցում էր նաեւ դեսպան Ժակ Ֆորը,ով հաջորդելու է Բեռնար Ֆասիեին` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայից:

Երեւանում համանախագահները հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի, իսկ Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Սաֆար Աբիեւի հետ: Այս բոլոր հանդիպումների ընթացքում համանախագահները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման առնչությամբ:

Հաշվի առնելով վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած միջադեպերը` համանախագահները երկու երկրների նախագահների հետ հանդիպումների ժամանակ կարեւորել են 1994թ-ին կնքված հրադադարի համաձայնագրի պահպանումը: Նրանք վերահաստատել են, որ առաջին գծում տեղի ունեցող միջադեպերը վկայում են դրանց հետաքննության իրականացման կարեւորության մասին, ինչին նախագահները սկզբունքորեն համաձայնել են: Համանախագահները քննարկել են նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված հավելյալ քայլերը` մարդկային շփումների ավելացման, մշակութային վայրերի եւ գերեզմանոցների պահպանության միջոցով:

Նոյեմբերի 29-ին համանախագահները ոտքով հատել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը եւ յուրաքանչյուր կողմում հանդիպել տեղական իշխանությունների հետ, նրանց հետ քննարկել սահմանին տիրող իրավիճակը:

Նոյեմբերի 30-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչների հետ եւ ընդգծել, որ խաղաղ կարգավորումը պետք է ներառի ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակավայրեր:

Դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի նախօրեին համանախագահները կոչ են արել կողմերին, օգտագործելով հնարավորությունը, վերահաստատել խնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, ինչպես նաեւ դեպի առաջընթաց ներկայիս անընդունելի ստատուս քվոյից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում