Փաստ մեկնաբանությամբ

Քաղծառայողների աշխատավարձերը չեն բարձրանա, փոխարենը` կտրամադրվեն սոցիալական փաթեթներ

2 րոպեի ընթերցում

Քաղծառայողների աշխատավարձերը չեն բարձրանա, փոխարենը` կտրամադրվեն սոցիալական փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012թվականի պետական բյուջեի նախագծով օրենսդիր, գործադիր, դատական մարմինների ծախսերը նախատեսված են 57 մլրդ 913 միլիոն դրամի չափով, ներառյալ' դեսպանությունների պահպանման ծախսերը: Նախատեսված գումարն այս տարվա ցուցանիշից ավելի է երեք միլիարդով: Այս մասին այսօր Ազգային ժողովում, 2012թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: «Կառուցվածքային որոշակի փոփոխությունների արդյունքում համակարգում աշխատողների թվի ավելացում է նախատեսվում»,- ասաց նա:

Այս տարի ստեղծվել են Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման եւ լիցենզավորման եւ մի շարք այլ գործակալություններ: Որոշ մարմիններում ստեղծվել են ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնք եւս լրացուցիչ հաստիքներ են պահանջնում: Այս փոփոխությունների արդյունքում պետական կառավարման համակարգում հաստիքացուցակն ավելացել է 166-ով:

Պավել Սաֆարյանը նշեց, որ քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսվել, սակայն բյուջեում 18 միլիարդ դրամ է սահմանվել հանրային ծառայության մեջ ընդգրկվածներին սոցիալական փաթեթներ տրամադրելու համար: «Քննարկումներ են ծավալվել' բարձրացնել աշխատավարձը, թե տրամադրել սոցիալական աջակցություն, եւ վճռվել է, որ աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուց ավելի լավ է սոցիալապես աջակցության նոր մեխանիզմ ներդնել»,- ներկայացրեց Ֆինանսների փոխնախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ծրագրել է' 2013թ-ին հանրային ոլորտի բոլոր ծառայողների աշխատավարձերը բարձրացնել տասը, 2014թ-ին' քսան տոկոսով: «Այս բարձրացումները կհանգեցնեն այն ցուցանիշներին, որ Կառավարությունը եւ ՀՀ նախագահն իր նախընտրական ծրագրով նախատեսել էր»,- շեշտեց Պավել Սաֆարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում