Փաստ մեկնաբանությամբ

Մայրական կաթով սնվող երեխաները 7 անգամ քիչ են մահանում ու հիվանդանում

2 րոպեի ընթերցում

Մայրական կաթով սնվող երեխաները 7 անգամ քիչ են մահանում ու հիվանդանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրական կաթով կերակրված երեխաներն ավելի առողջ են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, միջազգային նորմերի համաձայն' երեխային պետք է մայրական կաթով կերակրել առնվազն վեց ամիս:

Վարչության պետի խոսքով' ամենակարեւորը երեխայի կյանքի առաջին տարիներն են: «Կրծքով կերակրվող երեխաների մոտ տասը տոկոսով կրճատվում են մահացության դեպքերը: Մայրական կաթով սնվող երեխաները 7 անգամ քիչ են մահանում ու հիվանդանում»,- նշեց Սարիբեկյանը' ընդգծելով, որ Հայաստանում պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ մինչեւ մեկ տարեկան երեխաների 80 տոկոսը 4 ամիս մայրական կաթով է սնվում, սակայն այս ցուցանիշը եւս գոհացուցիչ չէ:

Ինչպես նշեց մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը, Հայաստանում տարեկան 60 երեխայի կյանք կարելի է փրկել կրծքով կերակրման արդյունքում: Ըստ նրա' կրծքով կերակրված երեխայի ու կերակրող մոր առողջությունն այս դեպքում ավելի պաշտպանված է: «Մայրական կաթով սնված երեխաների մտավոր ունակություններն ավելի լավն են: Ուստի պետք է երեխաներին գոնե վեց ամիս կերակրել կրծքով»,- ընդգծեց Հարությունյանը' հավելելով, որ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է կաթը փոխարինել կենդանականով, բայց ոչ կաթնախառնուրդներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում