Փաստ մեկնաբանությամբ

Կ. Բեքարյան. «ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակը ոչ մի նոր արտոնություն չի տալիս Ադրբեջանին»

2 րոպեի ընթերցում

Կ. Բեքարյան. «ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակը ոչ մի նոր արտոնություն չի տալիս Ադրբեջանին»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ջանքերը` ստանալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ, պսակվեցին հաջողությամբ, սակայն, թե ինչ է դա տալու Ալիեւյան կլանին` արդեն այլ հարց է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` հավատացնելով, որ ըստ էության` այն չի տալու եւ ոչ մի առավելություն:

«Որպես ՄԱԿ-ի մշտական անդամ` Ադրբեջանը կարող է բանաձեւեր առաջ քաշել առանց Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի կարգավիճակի, միաժամանակ Անվտանգության խորհրդում կարեւորագույն դերակատարում ունեն հինգ մշտական անդամները, որոնցից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն են: Այնպես որ, սպասել որեւէ ազդեցության լրացուցիչ լծակի այդ նոր կարգավիճակով` ահնարին է»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն արտահայտել է իր կարծիքը Ադրբեջանի ձեւաչափը փոխելու նախաձեռնողականության մասին:

«Այս հարցում կա երկու դրական կողմ, որոնցից մեկը դրական է մեզ համար, մյուսը` Ադրբեջանի: Ամբողջ նպատակը`դառնալու ոչ մշտական անդամ, կատարվել է մի պարզ նկատառումով` միջազգային հանրության առաջ Ադրբեջանին ներկայացնել որպես կայացած պետություն, ներքին լսարանին ցույց տալ, թե դիվանագիտական դաշտում միայն հաղթանակներ են»,- ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ Հայաստանի համար դրականն այն է, որ Ադրբեջանն այդ կարգավիճակի համար հսկայական գումարներ է վատնել` կաշառելով տարբեր երրորդ աշխարհի ու զարգացող պետությունների: «Միանշանակ է, որ Ալիեւյան կլանն այդ գումարները չի վատնել անձնական գրպանից, այլ ներդրել է Ադրբեջանի պետբյուջեից: Շնորհիվ դրա` Ադրբեջանը պարզապես այս ու այն կողմ վատնում է աստղաբաշխական գումարներ` անուշադրության մատնելով իր ռազմական բյուջեն ու այլ կարեւոր բնագավառներ, որոնք կարող էին լինել ի վնաս Հայաստանի Հանրապետության»,- նշեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում