Տնտեսություն

«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ տարեկան է

3 րոպեի ընթերցում

«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-ին լրացավ աշխարհում ամենաերկար, ուղեւորատար հետադարձելի «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման մեկ տարին: Ինչպես այդ առթիվ ճոպանուղու «Հալիձոր» կայանի սպասասրահում լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով մեկամյա աշխատանքը եւ իրականացրած ծրագրերը, ասաց ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը, մինչեւ օրս ճոպանուղին սպասարկել է մոտ 70 000 ուղեւորի: Նրանց ավելի քան 10 տոկոսը հարակից գյուղերի բնակիչներ են, որոնք ճոպանուղուց օգտվել են անվճար: Ինչպես նշեց տնօրենը, անցած տարվա ընթացքում ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է եղել տոն եւ հանգստյան օրերին, որոնց ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700- 800 ուղեւորի:

Ճոպանուղու շահագործման ողջ ընթացքում իրականացվել է ամենօրյա մանրակրկիտ տեխնիկական սպասարկում անձնակազմի եւ ճոպանուղին կառուցած շվեյցարացի մասնագետների կողմից' ճոպանուղու շահագործումը եւ տեխնիկական պայմանները հաստատապես պահելով սարքին եւ բացարձակ անվտանգ: Տ. Ղազարյանի խոսքով' ընթացիկ տարում իրականացվել է ճոպանուղու տեխնիկական զննում ՀՀ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի կողմից, որի արդյունքում «ՏաԹեւեր»-ը ճանաչվել է տեխնիկապես բացարձակ սարքին եւ անվտանգ շահագործվող կառույց: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել եւս մեկ տեխնիկական զննում, այս անգամ արդեն շվեյցարական եւ ճոպանուղիների շահագործման եվրոպական անկախ մեկ այլ փորձագիտական հանձնախմբի կողմից:

Ճոպանուղու անձնակազմը պարբերաբար մասնակցել է վերապատրաստման' դառնալով ավելի փորձառու թե տեխնիկական շահագործման, եւ թե ուղեւորների սպասարկման ոլորտում:

Ողջ տարվա ընթացքում, շահագործման գործընթացին զուգահեռ, իրականացվել են ճոպանուղու երկու կայանների հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ, տեղադրվել են տեղեկատվական եւ այցելուների եռալեզու ուղեցույց-վահանակներ, ավելի քան 50 նստարաններ եւ աղբամաններ' տարածքը դարձնելով ավելի հարմարավետ այցելուների եւ ուղեւորների համար: Ճոպանուղու «Տաթեւ» կայանում տեղադրվել եւ շուտով շահագործման կհանձնվի սանհանգույց:

Ընթացիկ տարվա ընթացքում «ՏաԹեւեր»-ի «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվել եւ շահագործման համար պատրաստ է սպասասրահ - սրճարանը, որը նախատեսված է ուղեւորների եւ այցելուների հանգստի ու սպասման հարմարավետ կազմակերպման համար:

Տ. Ղազարյանի խոսքով'»ՏաԹեւեր» ճոպանուղին ոչ միայն զբոսաշրջության զարգացման լավ հնարավորություն է, այլ նաեւ ստեղծել է աշխատատեղ հարակից համայնքների բնակիչների համար: Այսօր ճոպանուղին եւ նորաբաց սրճարան-սպասասրահն ունեն 55 աշխատող, որոնք հարակից համայնքների եւ Գորիսի բնակիչներ են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում