Փաստ մեկնաբանությամբ

Ըստ Դ. Ջամալյանի` Ադրբեջանի ԶՈՒ-ում գրանցված ռեկորդային թվով զոհերի առկայությունն ադրբեջանական կողմի սադրիչ քաղաքականության արդյունքն է

3 րոպեի ընթերցում

Ըստ Դ. Ջամալյանի` Ադրբեջանի ԶՈՒ-ում գրանցված ռեկորդային թվով զոհերի առկայությունն ադրբեջանական կողմի սադրիչ  քաղաքականության արդյունքն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պահեստազորային սպաների միավորման ղեկավար Յաշար Ջաֆարլին հայտարարել է, որ այդ երկրի Զինված ուժերն այս տարի ռեկորդային թվով մարդկային կորուստներ են կրել, որոնց թիվը հասնում է 80-ի, ինչն առավելագույնն է 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրից հետո, եւ դա այն դեպքում, երբ տարին դեռեւս չի ավարտվել: Սրանից առաջ, ռեկորդային թիվ գրանցվել էր 2003 թվականին (75 զոհ):

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը' ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ դա ադրբեջանական կողմի սադրիչ քաղաքականության արդյունքն է, եւ այդ թվում ներառված են նաեւ այն զինծառայողները, որոնք դարձել են հայկական զինված ուժերի պատասխան պատժիչ գործողությունների զոհը: «Նրանք այդ զոհը կարող էին չդառնալ, եթե Բաքվի անհագուրդ միլիտարիզմը չունենար այն իռացիոնալ դրսեւորումները, որոնք տեսանք հատկապես այս տարեսկզբին»,- ասաց Դ. Ջամալյանը'նկատի ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտնի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստվում են ռազմական դիվանագիտություն բանեցնել հայկական կողմի դեմ: Դ. Ջամալյանի խոսքով' այս հայտարարությունը եթե դիվանագիտական տերմինաբանությունից տեղափոխենք ավելի հասկանալի լեքսիկայի հարթություն' նշանակում է' ուժ կիրառել հայկական կողմի վրա' զիջումներ հարկադրելու նպատակով: «Այդ ռազմական դիվանագիտության արդյունքն այսօր իր մաշկի վրա զգում է ադրբեջանական հասարակությունը: Չէր լինի այդ ամպագոռգոռ, ամբարտավան հայտարարությունը, մոտեցումն ու քաղաքականությունը, չէին լինի նաեւ այդ զոհերը»,- նկատեց ռազմական փորձագետը:

Ըստ Դ. Ջամալյանի' զոհերի մեծ քանակը նաեւ ադրբեջանական բանակի հոգեբանական նկարագիրն է ցույց տալիս: «Ադրբեջանական բանակում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, ինչի արդյունքում զոհերի մեծ թիվ է գրանցվում: Ադրբեջանական բանակը հեռու է այն մարտունակության նկարագրից, որը ցուցադրվում է այս երկրի պաշտոնական քարոզչության կողմից»,- նշեց նա:

Ի դեպ, ըստ «Թուրան» լրատվական գործակալության' գրեթե նման կարծիք է հայտնել Յաշար Ջաֆարլին: Նա նշել է, որ իր երկրի բանակում մեծ խնդիր է զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորամասերում համապատասխան կանոնագրքերով շարժվելու եւ օրենքի գերակայության հարցը:

Ջաֆարլին այդ ամենը կապել է ոչ արդյունավետ կառավարման հետ' ընդգծելով, որ առկա խնդիրները պայմանավորված են Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի միջեւ եղած տարաձայնություններով:

«Հենց դա է պատճառը, որ բանակում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի հրամանատար հրաման է արձակում ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ մյուսը' ԽՍՀՄ-ի օրոք եղած համակարգի չափանիշներին համահունչ»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում