Փաստ մեկնաբանությամբ

Մարդահամարի անվանական, հասցեական տվյալները հրապարակման ենթակա չեն

4 րոպեի ընթերցում

Մարդահամարի անվանական, հասցեական տվյալները հրապարակման ենթակա չեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի իրականացման գործընթացում ընդգրկված ցանկացած հաշվարար որեւէ տնային տնտեսություն այցելելու ժամանակ առաջինը պետք է ցույց տա վկայականը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը' հավելելով, որ հաշվարարներն այցելելու են հատուկ պայուսակով:

Վերջինիս խոսքով' պահպանվելու է վիճակագրական գաղտնիքի սկզբունքը. անվանական, հասցեական տվյալները համարվում են գաղտնի, դրանք հրապարակման ենթակա չեն, հրապարակվելու դեպքում անվանազերծված տարբերակով կլինեն:

Մարդահամարի հարցաթերթում զետեղված անվանական տվյալները պետք է օգտագործվեն միայն վիճակագրական եւ ոչ այլ նպատակներով, եւ չեն կարող որպես ապացույց օգտագործվել դատական ու դատաքննչական մարմինների կողմից: Ըստ Ս. Մնացականյանի' 16 հազար ժամանակավոր աշխատակիցներ են ներգրավված գործընթացում, եթե աշխատակիցներից որեւէ մեկը խախտի օրենքի պահանջը, ապա այդ հարցաթերթը դատարանում չի կարող որպես ապացույց կիրառվել: «ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքները խստագույնս հորդորում են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, որպեսզի իրենց վիճակագրական գործընթացներում ներգրավված պատասխանատու անձանց երբեք չներքաշեն վարչական եւ քաղաքական կոնֆլիկտների մեջ»,-նշեց ԱՎԾ նախագահը:

ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության վարչության պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ 2011թ. Մարդահամարի հարցաթերթում ներառված են 33 անհատական հարցեր' անձի սեռի, տարիքի, ծննդավայրի, քաղաքացիության, բնակավայրում անընդհատ բնակվելու տեւողության, ազգության, լեզուների տիրապետման, դավանանքին, կանանց ծնելիության, ամուսնական վիճակին, զբաղվածությանը վերաբերող հարցեր, մի շարք տվյալներ վերաբերում են տնային տնտեսության բնակարանային պայմաններին, ընդ որում' ներառված են հարցեր' բնակելի շինության տեսակի, կոյուղու առկայության եւ այլ հարմարությունների մասին: Մարդահամարի հարցաթերթում նաեւ հարցադրումներ կան տան մեջ համակարգչի, համացանցի կիրառման, գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ, տնային տնտեսությունում արդյոք առկա է հաշմանդամություն ունեցող անձ. դա, ըստ Կ. Կույումջյանի, հնարավորություն կտա նաեւ հաշմանդամների վերաբերյալ սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի, որոշ տվյալներ կլինեն նաեւ, թե արձանագրված ծննդյան-մահվան դեպքերն արդյոք օրենքով սահմանված կարգով գրանցված են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում:

Կ. Կույումջյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հարցաթերթիկ վերաբերում է մեկ տնային տնտեսության, դրանց լրացման համար անհրաժեշտ ժամանակը կախված է տնային տնտեսության անդամների քանակից եւ ներկա անձանց կարգավիճակից, դրա համար միջինը 15-20 րոպե է անհրաժեշտ: «Վկայականներից բացի, իրենց հետ կունենան անձնագրերը, դա եւս հնարավորություն կտա բնակչությանը' համոզվելու, որ իրոք, իրենց այցելել է հաշվարար»,-ասաց Կ. Կույումջյանը' նշելով, որ անձնագրային որեւէ տվյալ բնակչից չի հարցվում, որեւէ փաստաթուղթ չի պահանջվում, սակայն բնակիչն ինքն իր կամքով' որեւէ բան ճշտելու, ստուգելու նատակով կարող է փաստաթղթից օգտվել: «Մարդահամարը բանավոր պատասխանների վրա է հիմնվում»,-ասաց բանախոսը: Վերջինս նշեց, որ մարդահամարի արդյունքների մշակման գործընթացը կտեւի 6 ամիս, աշխատանքները կսկսեն դեկտեմբերից, ապա կմուտքագրվեն համակարգիչ, այս ամենից հետո տեղեկատվական բազան պիտի ձեւավորվի, ստուգաճշտում եւ տեխնիկական այլ գործընթացներ պետք է իրականացվեն: Հավաքագրված նախնական ամփոփ ցուցանիշները հայտնի կդառնան 2012-ի փետրվարի երկրորդ կեսին,իսկ 2012-ի հոկտեմբերի սկզբին կհրապարակվեն հանրապետության մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջին տվյալները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում