Փաստ մեկնաբանությամբ

Դեռահասների առողջության ցուցանիշն աշխարհում նվազել է

2 րոպեի ընթերցում

Դեռահասների առողջության ցուցանիշն աշխարհում նվազել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ շարունակ իշխած կարծիքը, որ դեռահասները բնակչության առավել առողջ շերտն են, վերջին շրջանում որոշակիորեն փոխվել է: «Ներկայում դեռահասները կազմում են աշխարհում կիրառվող առողջապահական բեռ հասկացության 15 տոկոսը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաբկիր» բժշկական համալիրի' Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը' բացատրելով, որ այդ առողջական բեռ կոչվող ցուցանիշը 50 տոկոսով պայմանավորված է կենսակերպով, 20-ական տոկոսով գենետիկ եւ էկոլոգիական գործոններն են կարեւորվում, 10-15 տոկոս էլ կազմում է բացառապես առողջական վիճակի ցուցանիշը: Մասնավորապես կենսակերպի գործոնն է, ըստ մասնագետի, բացասաբար ազդում դեռահասների առողջության վրա' բազմաթիվ վնասակար սովորություններով ու ֆիզիկական ակտիվության խիստ պակասության պատճառով:

«Մեր օրերում մեծահասակների վաղաժամ մահացությունների 70 տոկոսի հիմքը դեռահաս տարիքում ձեռք բերած վնասակար սովորություններն են, ինչպիսին է, օրինակ, ծխելը»,-հավաստեց մասնագետը' հիշեցնելով, որ դեռահասները մինչեւ 19 տարեկաններն են' սկսած այն տարիքից, երբ սկսվում է երեխայի սեռական հասունացումը, ֆիզիկական կտրուկ աճը, ինչպես նաեւ սոցիալական եւ մասնագիտական կողմնորոշումն է ձեւավորվում: Համայն աշխարհում դեռահասները կազմում են բնակչության շուրջ 20 տոկոսը: «Դեռահասների մահացությունները մեծամասամբ մարմնական վնասվածքների, որոշակիորեն նաեւ ինքնասպանությունների արդյունք են լինում»,-փաստեց Ս. Սարգսյանը' հայտնելով, որ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 90-100 հազար դեռահաս:

Մասնագետի հավաստմամբ' դեռահասությունը, որպես մարդու կյանքի կայացման կարեւորագույն փուլ, մեծ ազդեցություն ունի հասունության վրա: Այս տեսանկյունից Ս. Սարգսյանը կարեւորեց դեռահասների ընդհանուր հոգեկան առողջության հարցը' սկսած հոգեբանականից, դեպրեսիաներից մինչեւ մանկական խնդիրներ' աուտիզմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում