Փաստ մեկնաբանությամբ

Սրտային հիվանդությունից տարեկան մահանում է 17.1 միլիոն մարդ

3 րոպեի ընթերցում

Սրտային հիվանդությունից տարեկան մահանում է 17.1 միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ը Սրտային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ամեն տարի աշխարհում այդ հիվանդությունից մահանում է 17.1մլն մարդ, ավելի շատ, քան ցանկացած այլ հիվանդությունից, այդ թվում' 7.2 մլն մարդ մահանում են անոթների ախտահարումից, իսկ 5.7 մլն-ը' ուղեղի կաթվածից: Տարեկան մահերի 82 տոկոսը գրանցվում են թույլ զարգացած երկրներում: Մահվան դեպքերի ուսումնասիրությունը հաստատում է, որ ավելի շատ մահանում են տղամարդիկ, եւ մահացության առումով ամենախոցելի խումբն աշխատունակ տարիքի տղամարդիկ են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն ասաց, որ սրտային հիվանդությունների եւ մահացության աճի պատճառ են ինչպես սոցիալ-տնտեսական գործոնները, այնպես էլ ռիսկի հիմնական գործոնների ազդեցության ուժեղացումը: ««Զարկերակային գերճնշման եւ դրա ռիսկի գործոնների տարածվածությունը Երեւանի բնակչության շրջանում» հետազոտությունը ցույց տվեց, որ Երեւանում զարկերակային հիպերթենզիայիով հիվանդների թիվը 150.000-ից ավելի է»,-նշեց նա' հավելելով, որ հայտնաբերվում են հիվանդությունների այնպիսի բարդացած ձեւեր, որոնք կարող էին կանխարգելվել եւ բուժվել առաջնային բուժօգնության դեպքում: Նրա խոսքով' նկատվում է հիվանդության երիտասարդացման միտում: «Առաջ Եվրոպայում ծխախոտը, ալկոհոլային խմիչքներն ավելի շատ էին օգտագործում, քան մեզ մոտ: Հիմա հակառակն է' քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ' եվրոպացիները սկսեցին հրաժարվել այդ սովորություններից, իսկ մեզ մոտ գնալով շատացավ ծխողների թիվը»,-ասաց սրտաբանը:

Թիվ 15 պոլիկլինիկայի սրտաբան Դեզդեմոնա Ավետիսյանը հայտնաբերել է երիտասարդների' սրտային հիվանդություններով տառապելու երրորդ պատճառը' պայմանավորված համակարգչային ամենօրյա աշխատանքի հետ: «Երկարատեւ հարկադիր դիրքից առաջանում է ողնաշարի դիսֆունկցիա, որն էլ կարող է պատճառ դառնալ սրտային հիվանդությունների առաջացման համար»,-նշեց նա' հավելելով, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման համար կա համակարգված մոտեցման, բժիշկների վերապատրաստման արդյունավետության եւ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացման կարիք:

Սրտաբանները խորհուրդ են տալիս սրտային հիվանդներին առավել ուշադիր լինել հատկապես աշնան ամիսներին' պայմանավորված եղանակի անկայունությամբ եւ մթնոլորտային ճնշման փոփոխությամբ: Պետք է ժամանակին ընդունել բոլոր դեղերը, հաճախակի այցելել բուժող բժշկին եւ օդի կտրուկ փոփոխության չդիմել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում