Փաստ մեկնաբանությամբ

Է. Նալբանդյան. «Ադրբեջանի համար խնդիր է դարձել՝ ինչպես բարդել պատասխանատվությունն այլ կողմերի վրա»

6 րոպեի ընթերցում

Է. Նալբանդյան. «Ադրբեջանի համար խնդիր է դարձել՝ ինչպես բարդել պատասխանատվությունն այլ կողմերի վրա»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր, ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի» շրջնականերում, ողջունելով մասնակիցներին, նրանց ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլը:

Արտգործնախարարի խոսքով՝ սա այն առիթներից է, երբ հնարավոր է դառնում աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայությանը տեղեկացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ հանգուցալուծման հնարավորություններին: Է. Նալբանդյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեր արտաքին քաղաքականության առանցքային հարցն է: «Կարգավորման ճանապարհին մենք ունեցել ենք թե' հաջողություններ, թե' բացթողումներ: Եղել են պահեր, երբ համաձայնության կայացումը բավական մոտ է թվացել, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ամենաբարձր մակարդակով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես դա եղավ, երբ Բաքուն հրաժարվեց 2001 թվականին Փարիզում ձեռք բերված պայմանավորվածություններից»,-ասաց նախարարը՝ նկատելով, որ 10 տարի անց՝ բոլորովին վերջերս, նույնը արվեց Կազանում:

Ըստ Է. Նալբանդյանի՝ եթե փաստերը խեղաթյուրելով՝ նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ ուղղակի անհնար է դառնում: Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մադրիդյան հիմնարար սկզբունքներին, նախարարը նշեց, որ դրանք ուրվագծում են ապագա խաղաղ պայմանագրի հիմնական սկզբունքները եւ դրույթները: Վերջինիս խոսքով՝ 2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսը մի շարք աշխատանքային տարբերակներ են ներկայացվել, սակայն փոփոխություններից ոչ մեկին՝ առաջինից մինչեւ վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել:

«Ադրբեջանցիները իրենց մերժումներն արդարացնելու նպատակով նշում են, թե այս տարբերակները ներկայացվել են միայն մեկ նախագահող երկրի կողմից՝ ակնարկելով Ռուսաստանին: Առաջին անգամ չէ, որ նման ակնարկ է արվում: Կարծում եմ բոլորի համար պարզ է, թե նման վարքագիծն ինչպես է կոչվում, հատկապես երբ համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հրապարակայնորեն լիակատար աջակցություն են հայտնել եւ հայտնում ՌԴ ղեկավարության ջանքերին»,- նկատեց Է. Նալբանդյանը՝ հավելելով, որ ակնհայտ է՝ առանց Լեռնային Ղարաբաղի կողմից հիմնարար սկզբունքների հավանության, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:

Բաքուն, ըստ արտգործնախարարի, մոլորության մեջ է գցում հասարակական կարծիքը՝ ասելով, իբր Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: «Նման բան պարզապես չկա, իսկ նրանց, ովքեր եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս եւ չեն բարեհաճում կարդալ մինչեւ վերջ, կցանկանայի նաեւ հիշեցնել, որ եզրափակիչ ակտում հատուկ ընգգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է»,- ասաց նախարարը՝ կարեւորելով Դովիլյան հայտարարության մեջ ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին նշվելը, որը Բաքուն նորից յուրովի է մեկնաբանում:

«Կա նաեւ շատ կարեւոր մի տարր, որ ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել. դա Արցախի բնակչության իրավունքն է՝ որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,-նշեց Է. Նալբանդյանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ վերջերս Ադրբեջանի՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաների «սիրելի» արտահայտությանը, որ իմաստ չկա ժամանակ կորցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը: Դրա մասին Բաքուն եւս մեկ անգամ հայտարարեց Կազանի պայմանագրից հետո: «Ադրբեջանի ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին»,- ասաց Է. Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին, չկարողանալով բանակցային գործընթացում իրականացնել իր անիրատեսական պատրանքները, նավթային եկամուտներից ստացված գումարները գործոն դարձնել իր օգտին հակամարտության կարգավորման գործում, հասնելով մի հանգրվանի, երբ իր մոտեցումները ակնհայտ հակասության մեջ են մտել միջազգային հանրության դիրքորոշման հետ, եւ այն, ինչ մատուցվել է սեփական ժողովրդին, պարզունակ սուտ է դուրս եկել, Բաքվի իշխանությունները փորձում են ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացվող հիմնարար սկզբունքներից, եւ Ադրբեջանի համար խնդիր է դարձել, թե ինչպես բարդել պատասխանատվությունը այլ կողմերի վրա:

Է. Նալբանդյանը հիշեցրեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում