Փաստ մեկնաբանությամբ

Ստեփանակերտը ողջունում է Ուրուգվայի նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը ողջունում  է Ուրուգվայի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտը ողջունում է Ուրուգվայի նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես», այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում:

«Ողջունում ենք Ուրուգվայի մտադրությունը Արցախի անկախությունը ճանաչելու մասին: Ալմագրոյի խոսքերը չեն նշանակում անկախության ավտոմատ ճանաչում, այլ նշանակում են, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերում ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին, որովհետեւ նոր պետությունների ճանաչման փուլը, որը սկսվել է Կոսովոյով, շարունակվում է Հարավային Օսիայով, Աբխազիայով, Հարավային Սուդանով, չի կարող շրջանցել Ղարաբաղը», -ասել է Դ. Բաբայանը' կարծիք հայտնելով, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է ունենալ երկու հետեւանք' Ադրբեջանը եւ Թուրքիան կսկսեն «հիստերիկ» քաղաքականություն վարել Ուրուգվայի նկատմամբ: Եվ նաեւ այն, որ միջազգային հանրությունը, հատկապես Հարավային Ամերիկայի պետությունները, ավելի լուրջ կվերաբերվեն ԼՂՀ խնդրին:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ օրերս անակնկալ հայտարարությամբ էր հանդես եկել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն: Ուրուգվայի խորհրդարանում Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ նա հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին: «Դա հարցի լուծման միակ ճանապարհն է: Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է եւ Ուրուգվայը պետական մակարդակով կքննարկի Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման խնդիրը»,-նշել է Լ. Ալմագրոն:

Հիշեցնենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում