Փաստ մեկնաբանությամբ

ՀՀ-ում կներդրվի բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում կներդրվի բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կրթության ոլորտում թիվ մեկ սկզբունքն արդար մրցակցության ապահովումն է: Ինչպես այսօր Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ուսումը պետք է լինի արդյունավետ, որակյալ ու հասանելի տարբեր սոցիալական խավերի համար: Ըստ նրա' խտրական մոտեցում չի դրսեւորվի' պետության ֆինանսավորումը հասանելի կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին' ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ կառաջարկեն: Ա. Աշոտյանի կարծիքով' խնդիրները ոչ միայն ֆինանսական աղբյուրներ ձեռք բերելու մեջ է, այլեւ խիստ չափանիշների ապահովման: Բարձրագույն կրթության ֆինանսավորումը կնպաստի մեր երկրում Բոլոնյան գործընթացի խորացմանն ու զարգացմանը:

Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի խոսքով' Լիտվայում երեք տարի առաջ ներդրվեց մասնավոր բուհերի ֆինանսավորման խնդիրը: Ըստ նրա' դա դրական արդյունքներ ունեցավ, քանի որ մրցակցությունը բերեց կրթության որակի բարձրացման:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նշեց նաեւ, որ կարեւոր է բիզնես ոլորտին մասնակից դարձնել բարձրագույն կրթության ֆինանսավորմանը:

Բուհական կրթության ֆինանսավորման շուրջ 30 տոկոսն ապահովվում է պետբյուջեից, 70 տոկոսը' ուսանողական վարձավճարներից, որոնց մեջ մասնավոր ընկերությունների ֆինանսավորման մասնաբաժինը չնչին տոկոս է կազմում:

ՀՀ ում այժմ գործում է 23 պետական եւ միջպետական, շուրջ 40 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն. երկու տարի առաջ մասնավոր բուհերի թիվը հասնում էր 90-ի: Այս թիվը նվազել է լիցենզավորման կարգի խստացման շնորհիվ:

Ա. Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ օգտագործելով Լիտվայի' արդեն իսկ ձեռք բերված փորձը, կկարողանանք ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր ռազմավարությունը ենթադրում է երեք տարվա գործողությունների ծրագիր, որը կարեւոր է նաեւ կրթական ոլորտում մեր երկրի եվրաինտեգրման տեսակետից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում