Փաստ մեկնաբանությամբ

Հարեւան ժողովուրդները սխալ են ընդօրինակել հայկական թոնիրը

2 րոպեի ընթերցում

Հարեւան ժողովուրդները սխալ են ընդօրինակել հայկական թոնիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խոհանոցը, ինչպես աշխարհի բոլոր խոհանոցները, հարուստ է հարեւան երկրներից փոխառված ուտեստներով, սակայն հայերը, ի տարբերություն շատերի, դրանք չեն վերագրում ազգային ծագման: Այս նկատառումով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը' նշելով, որ մսախմորային բոլոր ճաշատեսակները, որ մուտք են գործել եւ լայն տարածում ստացել հայկական խոհանոցում, չունեն հայկական ծագում:

«Ինչպես նաեւ բաստուրման. սա նույնպես փոխառյալ է' քոչվոր ժողովուրդներից է անցել մեզ»,- փաստեց խոհարարը' հավելելով, որ հարեւան ժողովուրդներն էլ հայերից են շատ ընդօրինակել: Այդ շարքում նա առանձնացրեց, օրինակ, թոնիրը, որը ներկայում հանդիպում է մի շարք երկրներում: «Սակայն բոլորը մի կարեւոր հանգամանք են անտեսել' գետնափոր լինելը»,-նկատեց նա' հավատացնելով, որ մի շարք երկրներում թոնիրներ են պատրաստվում հատակին, «իսկ մեզանում այդ խորությունը հատուկ խորհուրդ ունի»: Խոհարարի տեղեկացմամբ' թոնիրը հայերի խոհանոցի կաեւոր բաղկացուցիչ մասն է կազմել դեռեւս հեթանոսական ժամանակաշրջանից, եւ գետնափոր կրակը արեւի պաշտամունք է խորհրդանշում: «Մեր տատերը խոնարհվում էին դեպի կրակն ու հանապազօրյա հացը պատրաստում»,-բացատրեց նա:

Ս. Մամուլյանը հավաստեց, որ իրենք իրենց առաքելությունն ու նպատակները հակիրճ ներկայացրել են իրենց կազմակերպության անվանման մեջ: «Մենք ցանկանում ենք օգտագործել յուրաքանչյուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու մեր խոհանոցը»,-նշեց նա' հավատացնելով, որ այս առումով հայերը ցուցադրելու եւ հպարտանալու շատ բան ունեն:

ՀԿ-ի նպատակը հայ ավանդական խոհանոցի մոռացված կերակրատեսակների վերհանումն է, հայոց ավանդական խոհանոցի մասսայականացումն ու տարածումը, հայոց խոհանոցի ամրագրումը' որպես մշակութային արժեք, ինչպես նաեւ հայկական խոհանոցի եւ հարեւան ազգերի խոհանոցմների փոխնեգործության եւ կապերի բացահայտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում