Փաստ մեկնաբանությամբ

Ժամանակակից մուլտֆիլմերը` մանկական ագրեսիայի առաջացման պատճառ

4 րոպեի ընթերցում

Ժամանակակից մուլտֆիլմերը` մանկական ագրեսիայի առաջացման պատճառ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբանների պնդմամբ' այն տպավորությունները, որոնք ստանում է երեխան 2,5-5 տարեկան հասակում, պահպանվում են երկար ժամանակ: Նոր տպավորություններ ստանալու եւ որպես անհատ ձեւավորվելու այլընտրանքային միջոց են նաեւ մուլտֆիլմերը, որոնք դիտելու համար երեխաները պատրաստ են ժամեր շարունակ անցկացնել կապույտ էկրանի առջեւ, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը' վերջին ժամանակներում արտասահմանյան մուլտֆիլմերի գերհոսքը հայկական հեռուստաեթեր բացասական ազդեցություն է թողնում երեխայի հոգեբանության վրա:»Ժամանակակից մուլտֆիլմերի մեծ մասը բացասական են ազդում երեխայի հոգեբանության վրա, որովհետեւ հերոսների մեծ մասն իրական չեն: Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ երեխան մուլտֆիլմի ազդեցության տակ վախեցել է ոչ միայն մթությունից կամ չար կերպարներից, այլեւ, օրինակ, նրանից, որ «Սպայդերմեն»-ը կգա եւ կքայլի իր սենյակի պատերով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարիաննա Ավետիսյանը:

Ըստ հոգեբանի, ի տարբերություն ժամանակակից մուլտֆիլմերում հաճախ հանդիպող արնախում հերոսների, ագրեսիվ ռոբոտների, ամենատարբեր տրանսֆորմատորների ու ռենջերների, խորհրդային ժամանակների հին ու «բարի» մուլտֆիլմերն ունեին բարոյական տարր, որը երեխայի մեջ սերմանում էր բարության եւ հոգատարության զգացողություն:»Իհարկե, կան խորհրդային մուլտֆիլմեր, որոնք միգուցե այսօր երեխայի համար այլեւս հետաքրքիր չեն, բայց կան նաեւ այնպիսինները, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը եւ ուսուցողական բնույթը, որը, ցավոք, ժամանակակից մուլտֆիլմերի մեծ մասում չկա»,- պարզաբանեց Մ. Ավետիսյանը:

Երեխաները, որոնք անգիտակցաբար տեսածն ու լսածը նմանակելու ձիրքով են օժտված, հաճախ սկսում են նմանակել այն բռնության տեսարանները, որոնք կան մուլտֆիլմերում, ինչը կարող է վտանգավոր լինել շրջապատում գտնվող մյուս երեխաների համար: Մուլտֆիլմերից առաջացած բացասական հետեւանքներից է նաեւ անքնությունը, որն էլ իր հերթին անցանկալի վախերի առաջացման պատճառ է դառնում:

«Հաճախ երկար ժամանակ է հարկավոր երեխայի հետ հատուկ հոգեբանական թերապիա անցկացնելու եւ վախը նրա միջից հանելու համար: Մի տարածված եղանակ կա, երբ առաջարկում ենք երեխային' նկարել իր վախը, որը պատկերվում է հաճախ այս կամ այն ռոբոտի, մուլտֆիլմի բացասական հերոսի տեսքով»,- նշեց հոգեբանը:

Զուգահեռներ տանելով' նա ասաց, որ օրինակ'խորհրդային սիրված «Դե սպասիր» մուլտֆիլմն ինչ-որ չափով նման է «Թոմ եւ Ջերի»-ին, սակայն ի տարբերություն վերջինիս, այն չի պարունակում բռնության տարր, քանի որ նապաստակին միշտ էլ հաջողվում է փախչել գայլի ճիրաններից, իսկ Ջերիին' ոչ: Ըստ «Պատահական չէ, որ արաբական մի շարք հեռուստաալիքներով արգելվել է այս մուլտֆիլմի ցուցադրությունը»,- ասաց հոգեբանը' հավելելով, որ յուրաքանչյուր խելամիտ մուլտիպլիկատոր պետք է քաջ գիտակցի, որ մուլտֆիլմը ոչ միայն երեխայի զգայուն հոգեբանության, այլեւ բնավորության ձեւավորման վրա ներգործող լուրջ «զենք» է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում