Փաստ մեկնաբանությամբ

Ճարպակալումը նստակյաց կյանքի եւ անկանոն սննդի հետեւանք է

4 րոպեի ընթերցում

Ճարպակալումը նստակյաց կյանքի եւ անկանոն սննդի հետեւանք է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարպակալումը եւ դրանով ուղեկցվող հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արդիական թեմա են: Շաքարային դիաբեթից, սիրտ-անոթային եւ բազմաթիվ այլ հիվանդություններից խուսափելու եւ դրանք կանխարգելելու համար մասնագետներն արդյունավետ առաջարկներ ունեն: «Ճարպակալությունն այն է, երբ օրգանիզմում հավելյան ճարպ է կուտակվում: Պատկերացրե'ք, եթե մարդն ամեն օր իր հետ 5 կգ զանգված ունեցող պայուսակ կրի, չէ՞ որ նա կհոգնի դրանից, իսկ ավելորդ քաշն այդ հոգնածությունը ստեղծում է անընդհատ, գիշեր, թե ցերեկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երեւան բժշկական կենտրոն»- ի բուժգծով փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Նա խորհուրդ տվեց սնվել ռեժիմով, 3-4 ժամը մեկ, որովհետու ճիշտ սննդակարգից է կախված օրգանիզմում սննդի առողջ մարսողությունը:

«Ճարպակալության պատճառ են դառնում նաեւ մեր նստակյաց կյանքը, գերծանրաբեռնվածությունը, երբ հագեցած աշխատանքային օրվանից հետո մարդիկ այլեւս ցանկություն չունեն զբոսնելու, անգամ մոտակա կրպակ այցելելու համար տրանպորտով կամ ավտոմեքենայով են երթեւեկում»,- ասաց էնդոկրինոլոգը:

Հաճախ հավելյալ քաշի հետեւանքով առաջացած հիվանդությունների մեծ մասի պատճառ են դառնում մարդկանց ուշ դիմելը մասնագետներին, երբ բժիշկը ստիպված է լինում պայքարել ոչ միայն ավելորդ քաշի դեմ, այլ նաեւ առկա հիվանդության, ինչը կրկնակի է բարդացնում գործընթացը:

Գիրությունը, ճարպակալությունն ունի նաեւ հոգեբանական կողմ: Մասնագետները պնդում են, որ ճարպակալությունը բնավ էսթետիկական կողմից պետք չէ դիտել, դա առաջին հերթին բժշկական խնդիր է:»Հաճախ գեր մարդկանց հասցեին հասարակության մեջ բացասական կարծիքներ, ծաղրական արտահայտություններ կարող են հնչել, ինչը կարող է լուրջ հոգեբանական, սոցիալական վախեր առաջ քաշել տվյալ անհատի մոտ, որի արդյունքում կարող է խախտվել նրա հոգեբանական ներդաշնակությունն ինքն իր հետ»,- նշեց հոգեբան Մարիաննա Ավետիսյանը' հավելելով, որ գեր մարդկանց նախընտրելի է օգտագործել կապույտ գույնի սպասք, որովհետեւ այն նվազեցնում է ուտելու ցանկությունը, եւ ենթագիտակցաբար ուտելիս մարդու մոտ առաջանում է տրամաբանելու եւ անմտածված չուտելու ցանկություն' ի տարբերություն նարնջագույնի կամ դեղինի, որոնք նպաստում են սնվելու գործընթացին:

էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը նշեց, որ հաճախ մարդիկ անկանոն են սնվում, ինչը նույնպես կարող է ճարպակալության հանգեցնել:»Որքան էլ ծանրաբեռնված եք, միեւնույն է' պետք է օրվա ընթացքում գտնել 5-10 րոպե հանգիստ սնունդ ընդունելու համար, ցանկալի է, որ գործընթացը տեղի ունենա նստած, ոչ լարված վիճակում, քանի որ հակառակ դեպքում դա կարող է բացասաբար ազդել մարդու նյարդային համակարգի վրա»,- պարզաբանեց բժիշկը:

Նրա խոսքով' սեփական ավելորդ քաշը ստուգելու համար կա հասարակ թեստ, որը բժշկության մեջ կոչվում է մարմնի զանգվածի ինդեքս: Դրա համար հարկավոր է մարմնի հասակը բաժանել քաշը կազմող թվի քառակուսու վրա, եւ եթե ստացված թիվն ընկած է 18-20 թվերի միջակայքում, ապա քաշը նորմալ է, եթե 20-25, ապա առկա է հավելյալ քաշ, որը մտածելու տեղիք պետք է տա, իսկ հաջորդաբար' 28-30-ը, 30-35-ը եւ ավելին հավելյալ քաշի տեսակներն են, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել քաշը նվազեցնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ժամը 18.00-ից հետո չուտելու «նորաձեւ» միտմանը եւ շարունակ գովազդվող նիհարեցնող դեղահաբերին, ապա Բամինե Բաղրամյանը դա անիմաստ է համարում, քանի որ ցանկացած սնունդ փոքր քանակությամբ ոչ թե ավելորդ է, այլ անհրաժեշտ օրգանիզմին, իսկ դեղահաբեր առանց բժշկի ցուցման օգտագործելը սխալ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում